Ավինյանն ու թիմակիցները շարունակում են մոլորեցնել երևանցիներին
AnalyticalԵրևանի քաղաքապետարանը Կենտրոն վարչական շրջանում ծառերի իսկական սպանդ է սկսել, եթե չասենք՝ էկոցիդ: Տեսնելով, որ բնապահպան ակտիվիստները և շարքային երևանցիները չեն պատրաստվում ձեքները ծալած նայել, թե ինչպես են իրենց զրկում թթվածնի աղբյուրից, քաղաքապետարանը հայտարարեց, որ ծառերի սպանդ կազմակերպելուց առաջ իրենք թե՛ հանրային քննարկում են կազմակերպել, թե՛ համալիր փորձաքննություն են անցկացրել:
Մինչդեռ իրականում Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի մի շարք փողոցներում ծառերի փոխարինման լայնամասշտաբ ծրագրի մասին կարծիք ստանալու համար չի դիմել պետական փորձագիտական կառույցներին: Ո՛չ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտը, ո՛չ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնը չեն տեղեկացվել ծրագրի մասին և, հետևաբար չեն տրամադրել փորձագիտական կարծիք քաղաքապետարանի ծրագրի վերաբերյալ: Ծառերի փոխարինման ծրագիրը պատրաստել է «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավարությունը, որոշումը կայացվել է նույն ՀՈԱԿ-ի կազմակերպած գիտական աշխատաժողովի արդյունքում, իսկ ծրագրի կարևոր հարցերը քննարկել է նույն ՀՈԱԿ-ի տնօրենին կից գիտատեխնիկական խորհուրդը:
Բացի այդ, պարբերաբար հարկատուների գումարները խնայելու անհրաժեշտությունից խոսացող Ավինյանն ու թիմակիցները սակուրայի մեկ տնկին ձեռք են բերել 65-72 հազար դրամով:
Հանրության հետ թափանցիկ աշխատելու ջատագով քաղաքապետն ու նրա թիմակիցներն անգամ բնապահպանների և շահագրգիռ երևանցիների հետ հանրային քննարկում չեն կազմակերպել, թեև վերջիններս դիմել են քաղաքապետարանին և առաջարկել անցկացնել նման հանդիպում:
Բացի այդ, քաղաքապետարանի հայտարարած մի քանի փողոցները, պարզվում է, բավական էլ շատ են՝ թվով 14, իսկ որտեղ 14, այնտեղ կարող է լինել և՛ 27, և՛ 30, և՛ 100:
Ինչպես տեսնում ենք, չկա ոչ մի թափանցիկություն, չկա նաև ժողովրդավարություն, հակառակ դեպքում՝ քաղաքապետն ու նրա թիմն ականջալուր կլինեին բնապահպանների, մասնագետների և շարքային երևանցիների կարծիքին և կդադարեցնեին Երևանն անապատի վերածելու իրենց չարաբաստիկ ծրագիրը: