«Ժողովուրդ». ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանի հետ. իշխանությունը դրական է տրամադրված
Armenian Press«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առաջիկայում ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածուի հետ։ Մեզ հայտնի դարձավ, որ ՔՊ-ականները դրական են տրամադրված Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատուրյանի հետ հանդիպմանը եւ, ինչպես ներքին խոսակցությունների ժամանակ են ասել, արդեն նրան մեկ անգամ լսել են ու քվեարկել, որ նա Վճռաբեկ դատարանի դատավոր դառնա, ուստի այս անգամ էլ որոշումը դրական կլինի։ Ըստ էության, ՔՊ-ականները Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հաճոյանալու համար կքվեարկեն նրա եղբոր օգտին հնարավոր քրեական պատասխանատվությունից իրենց ապահովագրելու համար։
Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն էր տարածել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջարկելու մասին:
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը»,- ասվում է հայտարարության մեջ: Նկատենք,որ Դավիթ Խաչատուրյանին առաջին անգամ դատավորները մերժեցին, եւ նրա փոխարեն ԱԺ գնաց Դավիթ Բալայանը, սակայն ՔՊ-ն մերժեց նրան։ Արդյունքում դատավորները երկրորդ անգամ հավաքվեցին եւ, ըստ էության, ճնշումների արդյունքում քվեարկեցին Սասուն Խաչատրյանի եղբոր օգտին, ու նա կգնա ԱԺ՝ ներկայանալու ՔՊ-ի դատին»: