ԱԺ-ում քննարկվել է Երևանի էներգաարդյունավետությանն ուղղված ծրագրի պայմանագիրը վավերացնելու մասին համաձայնագիրը
PoliticalՄեր կարծիքով կարեւոր եւ օգտակար վարկային համաձայնագիր է եւ լավ ծրագիր: Վարկը սուվերեն է, այսինքն` վարկը վերցնում ենք մեր երկրի պետական երաշխիքների համատեքստում: Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած եւ բանակցած ծրագրի շրջանում, սա ծրագրի երկրորդ փուլն է, որը վերաբերում է Երեւանի հանրային նշանակության շենք-շինությունների, այս դեպքում` մանկապարտեզների շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը: Զեկուցողի խոսքով ընդհանուր արժեքը 37.1 մլն եվրո է, Երեւանի քաղաքապետարանի համաֆինանսավորումը կկազմի 2 մլն եվրո, բանկի կողմից տրամադրվող վարկը` 25 մլն եվրո, ԵՄ հարեւանության ներդրումային հարթակի կողմից տրամադրվող ներդրումային դրամաշնորհը` 10.1 մլն եվրո:
Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 5-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» համաձայնագիրը:
2023 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրված «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» 25 մլն եվրո արժողությամբ ֆինանսական պայմանագիրն իրականացվելու է Եվրոպական հանձնաժողովի «Վերականգնում, դիմակայունություն եւ բարեփոխում. 2020 թվականից հետո Արեւելյան գործընկերության (ԱլԳ) առաջնահերթությունների» համատեքստում` Հայաստանի համար Եվրոպական միության տնտեսական եւ ներդրումային պլանի 5-րդ` «Ներդրումներ Երեւանում. խելացի եւ կանաչ Երեւան» ուղենիշի ներքո: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի` 6 պոլիկլինիկաների եւ 32 մանկապարտեզների էներգիայի սպառումը: