«Է դուք էլ յոլա գնացեք». Ավինյանի թիմակիցը ծաղրում է երևանցիներին
Analytical«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը չի բավարարվում Երևանում ծառերի ապօրինի սպանդ կազմակերպելով, դեռ մի բան էլ որոշել է ծաղրել երևանցիներին և վերջիններիս՝ իրեն ուղղված պահանջները: Գիտնականների հետ հանդիպման ժամանակ երևանցիներին ասում է, որ եթե ամռանը հանկարծ որոշեք տնից դուրս գալ, ապա կամ հովանոց վերցրեք, կամ էլ Թումանյան փողոցը շրջանցեք. առաջիկա տարիներին ստվեր չի լինելու:
Ինչպես կասեր ընդդիմադիր Փաշինյանը՝ միս չկա՝ խառը կանաչի ու սոխ կերեք: Սակայն, դա ընդդիմադիր Փաշինյանն էր, իսկ Բեգոյանն իշխանական քաղաքապետի թիմակիցն է, ով փաստացի ծաղրում է իրենց իշխանության բերած քաղաքացիներին: Ավագանու ընտրությունների ժամանակ Տիգրան Ավինյանն ու ընկերները Երևանի փողոցներում վանկարկում էին՝ «ասեք, կանենք», հիմա, երբ երևանցիները շատ հստակ վերջիններիս ասում են դադարեցնել որևէ գիտական հիմնավորումից զուրկ ծառերի սպանդը, նրանք հայտարարում են՝ ծառ չկա, զոնտիկով յոլա գնացեք: Թե ինչու պետք է երևանցիները յոլա գնան սեփական քաղաքում, իսկ Ավինյանն ու թիմակիցները շարունակեն այն քանդել, գիտի թերևս միայն շալախ տեսակի ծիրանենու մեկ տնկին 19500 դրամով ձեռք բերող և աշխատակցին Ֆեյսբուքյան լայքի համար տուգանող Բեգոյանը: Ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանում աշխատում են իրականությունից կտրված պաշտոնյաներ, ովքեր ոչ միայն չեն տիրապետում իրավիճակին, այլև դրսևորում են պաշտոնյային ոչ վայել վարքագիծ՝ ծաղրելով նրանց, ում շնորհիվ այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում: