Հրդեհ՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեթի գործարանում. հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան
Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշիսյան փողոցի թիվ 89 հասցեում գտնվող պահեստում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 4-րդ, 2-րդ, 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից՝ մեկական մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նախկին ձեթի գործարանի եռահարկ տանիքում:
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել են գործարանի աշխատակիցները, որի արդյունքում կրակի տարածումը կանխվել է, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Այս պահին հրշեջները տեղում իրականացնում են հետախուզական աշխատանքներ, որպեսզի եթե կրակի օջախներ հայտնաբերվեն, այն մարեն:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:
Կայքը հայտնում է, որ գործարանը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին:
Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան: