Որն է Բրյուսելում ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակով հանդիպման քաղաքական ենթատեքստը
PoliticalԲրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպման քաղաքական ենթատեքստը հետևյալն է՝ հօդս են ցնդում Արևմուտքում Հայաստանի Հանրապետությունը որպես ագրեսիվ քաղաքականություն վարող պետություն ներկայացնելու բոլոր ջանքերը: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կարևորելով ապրիլի 5-ին Բրյուսելում ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ ձևաչափով բարձր մակարդակի հանդիպումը, վարչապետն ասաց, որ հանդիպումը երբևէ անվտանգային ենթատեքստ ու օրակարգ չի ունեցել. «Ակնհայտ է, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն երբեք չէին համաձայնի Հայաստանին տնտեսական, քաղաքական աջակցություն ցուցաբերել, եթե մեր վարած քաղաքականությունը համարեին ագրեսիվ: Ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպման քաղաքական ենթատեքստը հետևյալն է՝ հօդս են ցնդում Արևմուտքում Հայաստանի Հանրապետությունը որպես ագրեսիվ քաղաքականություն վարող պետություն ներկայացնելու բոլոր ջանքերը»,-ասաց Փաշինյանը:
Բրյուսելի հանդիպումը, վարչապետը համարեց աննախադեպ՝ թե ձևաչափով, թե նշանակությամբ. «Բարձր մակարդակի հանդիպման արդյունքներով ԵՄ-ն և ԱՄՆ-ն քաղաքական աջակցություն են հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը, Հայաստանի և տարածաշրջանի համար կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն բարձր են գնահատել 2018 թվականից ի վեր ժողովրդավարության և արդարադատության ոլորտներում Հայաստանի կառավարության իրականացրած բարեփոխումները: