Միջազգային ճնշումներ քաղբանտարկյալների թեմայով. «Փաստ»
Armenian Press«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ-ում քաղբանտարկյալների թեման միջազգային հարթակների ուշադրության կենտրոնում է, և այս առումով առաջիկայում զարգացումներ են սպասվում։
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ հայաստանյան քաղբանտարկյալների հետ կապված՝ բավական լուրջ արտաքին ճնշումներ կան ՀՀ իշխանությունների վրա, և ոչ մեկ անգամ այս հարցը «ուղիղ տեքստով» դրվել է նրանց առջև՝ ընդգծելով, որ պետք է շատ արագ լուծումներ տրվեն։ Ավելին, մեր տեղեկություններով, այս օրերին մի քանի լուրջ կառույցներ և Եվրոպայի առանցքային կուսակցություններ թեմային առնչվող նամակներ են հղել և հորդորել «եզրակացություններ անել»։
Նամակներում անընդունելի է համարվում մի կողմից՝ կալանքը որպես պատժամիջոց կիրառելը, մյուս կողմից՝ քաղաքական հայացքների համար մարդկանց նկատմամբ իրավական գործիքակազմ կիրառելը։ Թերթի տեղեկություններով, առանձնահատուկ շեշտադրվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի անունը։ Այնպես որ, չի բացառվում՝ առաջիկայում քաղբանտարկյալների հետ կապված որոշակի փոփոխությունների ականատես լինենք։