ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյանը՝ ՌԻԱ Նովոստիին
PoliticalԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեմ, ՌԻԱ Նովոստիին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Բրյուսելում ուրբաթ օրը տեղի է ունեցել Հայաստանի հետ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համագործակցության վերաբերյալ համատեղ հանդիպում՝ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի, Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն Դեր Լյայենի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելի մասնակցությամբ։ Հանդիպումից առաջ Ֆոն Դեր Լյայենը խոստացել էր առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին 270 միլիոն եվրոյի զարգացման աջակցություն հատկացնել։
«Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական հարաբերություններն էլ ավելի դիվերսիֆիկացնելու մտադրության մասին։ Այսօր գրեթե բոլոր երկրները նման տնտեսական քաղաքականություն են վարում, և դա չի արվում որևէ երկրի կամ միության դեմ։
Առևտրատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունն ուղղված չէ որևէ միությունների, հատկապես ԵԱՏՄ-ի դեմ»,- ասել է Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցերին, թե ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունը չի՞ խանգարում Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին, և արդյո՞ք երկիրը պատրաստվում է դուրս գալ այս ասոցիացիայից, գրում է ՌԻԱ Նովոստին։