Ձեր տված խոստումներից ո՞րն եք կատարել․ Ալեն Սիմոնյանը հակադարձեց ընդդիմությանը
PoliticalԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց իշխանության հասցեին ընդդիմության կողմից հնչող մեղադրանքներին։
Ազգային ժողովում ելույթի ժամանակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ ընդդիմությունն իշխանության տարբեր տարիների խոստումները համեմատում է իրար և փորձում է ինչ-որ բան գեներացնել։
«Զարմանում եմ, որ ընդդիմության մեր գործընկերները կարող են 2018 թվականի ասածը, 2020 թվականի ասածը, 2022 թվականի սեպտեմբերից հետո իրադարձություններից հետո ասածը համեմատել իրար և դրա շուրջ ինչ-որ բան գեներացնել։ Այսինքն՝ բան չի՞ փոխվել, պատերազմներ չե՞ն եղել, սեպտեմբերյան հարձակումները չե՞ն եղել, Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական գործընթացներ չե՞ն եղել, իրականությունն էլ պետք է զմռսված մնա՞ր։ Իրականությունն այսօր շատ արագ է զարգանում, և կառավարությունը այդ իրականության հետ հաշվի նստելու պարտավորություն ունի։ Եթե այդպես վերցնենք, ապա ընդդիմությունն ի՞նչ է խոսք տվել և այդ խոստումներից ո՞րն է կատարել։ Դուք դուրս եկաք փողոց և ասացիք, թե ձեր օրակարգով կվերադառնաք խորհրդարան, բայց, այնուամենայնիվ, այդ օրակարգը մենք չենք տեսնում։ Ո՞րն է ձեր օրակարգը և ինչո՞ւ եք եկել»,- ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ եթե իրավիճակը այդքան օրհասական է, ինչպես ներկայացնում է ընդդիմությունը, այդ դեպքում ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորները չեն հրաժարվում իրենց մանդատներից։
«Ինչո՞ւ հրաժարական չեք տալիս, չե՞ք կարողանում իրար մեջ պայմանավորվել։ Օրակարգ չունեք, որպես ընդդիմություն՝ ձեր ասածներից ո՞րն եք արել»,- նշեց Սիմոնյանը։