Սարգիս Խանդանյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ
ForeignՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 11-ին հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ:
ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են Շվեդիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի վարչության ղեկավար Էմիլ Գելեբոն, Շվեդիայի ԱԳՆ աշխատակից Անտոն Ռուս Ստհարնմիրան, Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը եւ դեսպանության երկրորդ քարտուղար Նիկոլինա Նիլսոնը:
Ողջունելով հյուրերին Հայաստանի Ազգային ժողովում` Սարգիս Խանդանյանը նշել է, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանի եւ Շվեդիայի հարաբերություններում նկատելի է զարգացման դրական դինամիկա:
«Շվեդիան մեզ համար առանցքային երկիր եւ գործընկեր է: Մենք գնահատում ենք Շվեդիայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացման, Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման հարցում»,- ասել է Սարգիս Խանդանյանը` գնահատելով Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման իրողությունը:
Խորհրդարանական համագործակցության ասպարեզում ձեռքբերումների պահպանման եւ շարունակականության տեսանկյունից հանձնաժողովի նախագահը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի գործունեությունը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության եւ ջերմ խոսքերի համար` Շվեդիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի վարչության ղեկավար Էմիլ Գելեբոն նշել է, որ Շվեդիայի կառավարությունը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին: Նա եւս կարեւորել է խորհրդարանական համագործակցությունը եւ բարեկամական խմբերի միջեւ սերտ աշխատանքը:
Էմիլ Գելեբոն ընդգծել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության կարեւոր եւ անհրաժեշտ դերակատարությունը:
Սարգիս Խանդանյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի միջոցով ընձեռվող հնարավորությունները` կարեւորելով դրա կյանքի կոչման ուղղությամբ միջազգային գործընկերների գործուն աջակցությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնվող օրակարգի առանցքային թեմաների, Արեւելյան գործընկերության հարթակում համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: