«Կոֆե, կենտրոն, Հռոմ» նախագծի անփառունակ ավարտը
AnalyticalՔՊ նախընտրական և կառավարության ծրագրերում անչափ ամբիցիոզ թիրախներ էին սահմանված քաղավիացիայի մասով: Եթե կարճ, ապա կառավարության ռազմավարական նպատակն էր հայկական ավիացիան համապատասխանեցնել միջազգային լավագույն չափանիշներին: Այդ խնդրի լուծումը դրված էր սկզբում՝ Տաթևիկ Ռևազյանի, այնուհետև՝ Միհրան Խաչատրյանի ուսերի վրա:
Սակայն, արդյունքները, մեղմ ասած, հիասթափեցնող են: Որոշ ժամանակ առաջ պարզ դարձավ, որ ՔԱԿ-ն իրականում Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության կողմից աուդիտ չի անցել։ Իսկ աուդիտը ներառում է ամեն ինչ` սկսած ինքնաթիռի անիվների մաշվածությունից, վերջացրած՝ օդաչուների պատրաստվածության մակարդակով։ Մեզ հայտնի դարձավ, որ EASA-ի մասնագետները կոմիտեում փետրվարին աուդիտ են իրականացրել, ինչի արդյունքում մի շարք թերություններ են հայտնաբերել, որոնք գերազանցում են 50 էջը։ Եւ քանի որ կոմիտեն աուդիտ չի անցել, մեր հայկական ավիաընկերությունները, որոնք առանձին աուդիտ էին անցել` Եվրոպա ուղեւորափոխադրում իրականացնելու համար, այդ ուղեւորափոխադրումները չեն իրականացնելու։
Բացի այդ, երկար խոսվում էր ազգային ավիափոխադրող ունենալու անհրաժեշտության մասին և դա ի վերջո իրականություն դարձավ: Սակայն, ուրախությունը երկար չտևեց, օրեր առաջ վարչապետ Փաշինյանն ինքը հայտարարեց, որ ազգային ավիափոխադրողը փաստացի սնանկացել է:
Անփառունակ ավարտ ունեցավ նաև լոուքոսթերների մուտքը Հայաստան: «Ryanair» ավիաընկերությունը, որը վերջերս դադարեցրել էր չվերթերը՝ նախ կորոնավիորսով, այնուհետև երկրում ստեղծված ռազմական դրությունով պայմանավորված, որոշել է, որ այլևս երբեք դեպի Հայաստան չվերթեր չի իրականացնելու: Թե ինչով է չվերթերի դադարեցումը պայմանավորված, դժվար է ասել։ Միգուցե պատճառն այն է, որ կառավարությունն այլևս չի կարողանում սուբսիդավորել ավիաընկերությանը կամ գուցե երկրում ստեղծված ծանր սոցիալական պայմաններին զուգահեռ այլևս չեն կարողանում «բանակցել» ավիաընկերության հետ։
Ցանկացած պահի Հայաստանի և աշխարհի հաղորդակցության միակ կապը կարող է մնալ ավիացիան։ Այս պայմաններում ավիացիայի շուրջ ծագած և ծագող հարցերը քննարկվում են պարզունակ, կենցաղային մակարդակով։ Իշխանությունները, օր առաջ պաշտոնական սպառիչ պատասխաններով հստակություններ մտցնելու, լուծումներ առաջարկելու փոխարեն, իրենք են գեներացնում ցածրորակ բամբասանքի ժանրը. էլի՛ «նախկիններ», աֆրիկյան պետություններ, զենքի վաճառք և այլն։ Որդեգրված զրոյական պատասխանատվության մոդելը, երբ ամեն ինչում մեղավոր են ուրիշները, միայն թե ոչ ես, կարող է երկրի համար ծանր հետևանքներ ունենալ։