Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին
PoliticalՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեին:
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ արդարադատության բնագավառում: Վարչապետը գոհունակությամբ է նշել, որ Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչին նպաստում են նաև փոխայցելությունները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև փորձի փոխանակումը՝ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ:
Վրաստանի արդարադատության նախարարը նշել է, որ հայ գործընկերների հետ ունեն սերտ համագործակցություն և համոզմունք հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Ռատի Բրեգաձեն ընդգծել է Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության վերաբերյալ ստորագրված փաստաթղթի կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության ոլորտում բարեփոխումների և այլ հարցերի շուրջ: