Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը
ArmeniaՀայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Մայր աստվածություն.Անահիտից Մարիամ» ցուցադրության բացման արարողությունը, որի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են հեղինակավոր Բրիտանական թանգարանից տեղափոխված Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխը և ձեռքը։
«Ցուցահանդեսի շրջանակում հնարավորություն ունենք մեր գործընկեր Բրիտանական թանգարանի հետ երկարատև համագործակցության արդյունքում ՀՀ-ում տեսնել 19-րդ դարի 70-ական թթ. պատմական Հայաստանից գտնված և Անահիտ դիցուհուն վերագրվող բրոնզե արձանից պահպանված դեմքը և ձեռքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։
Թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող, ֆոնդապահ Արմինե Զոհրաբյանը սա համարում է նշանակալի իրադարձություն` ընդգծելով, որ Բրիտանական թանգարանը շատ քիչ դեպքերում է համաձայնում առարկաներն ինչ-որ մի տեղ ուղարկել։
«Բրիտանական թանգարանի աշխատակիցը հոդված է հրապարակել, թե ինչպես է Անահիտի արձանը հայտնվել իրենց մոտ։ Մի գյուղացի է գտել, տարել Կ.Պոլիս, այնտեղ ձեռքից ձեռք է անցել, հետո հայտնվել է օսմանյան ներկայացուցչի ձեռքում` Իտալիայում, ապա նա աճուրդի է հանել։ Արձանը գնել է իտալացի ոսկերիչ, և Իտալիայի կառավարությունն ամեն ինչ արել է, որ տանի Իտալիա, բայց Բրիտանական թանգարանն է ձեռք բերել։ Ամենուրեք շեշտվում է, որ սա հայտնաբերվել է Հայաստանից։ Այո՛, պատմական Հայաստանի` Փոքր Հայքի տարածքում` Եկեղյաց գավառում է հայտնաբերվել, որը Անահիտի սրբավայրն է հանդիսացել»,- մանրամասնեց գիտաշխատողը։
Նշենք, որ ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են նաև թանգարանի հավաքածուից մի շարք ցուցանմուշներ, որոնք ամփոփում են Մայր աստվածության գաղափարը` նեոլիթյան ժամանակաշրջանից մինչև մեր օրեր։
Ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 21-ը։