Կմնա՞նք այնպիսին, ինչպիսին ենք հիմա, թե՞ կվերադառնանք ակունքներին` վերագտնելով նախնիների մեծությունը
IranՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․
«Այսօր, այս հանդիսավոր օրը, երբ նշում ենք մեր երկրի անկախության տոնը, մեր սրտերը լցված են խառը, բարդ, խորը և հակասական հույզերով, քանի որ ազգովի կանգնած ենք անդունդի եզրին, կյանքի ու մահվան, ինչպես նաև գոյության ու չգոյության երկընտրանքի առջև։
Զգալով ու գնահատելուվ անկախ պետականություն ու երկիր ունենալու բերկրանքն ու արժեքը, մենք միևնույն ժամանակ սուր ու համատարած վախ ենք զգում դրա կորստի իրական սպառնալիքից։ Մեր սրտի յուրաքանչյուր բաբախյուն արձագանքում է անհանգստության և տխրության այն ամենի համար, ինչ մեզ մոտ է, սիրելի, սուրբ ու հարազատ:
Մենք մեր ներսում կրում ենք ապագայի նկատմամբ անորոշության ու անհանգստութան զգացողությունը, միաժամանակ՝ մտորելով, թե արդյո՞ք կմնանք այնպիսին, ինչպիսին ենք հիմա, թե՞ կվերադառնանք ակունքներին` վերագտնելով և վերաիմաստավորելով մեր նախնիների մեծությունն ու հզորությունը: Սա մի ճանապարհ է, որն անցնելու համար մեր հոգիները պիտի լցված լինեն հսկայական փոփոխությունների ակնկալիքով, ինչպես նաև սովորական կյանքի ուղին մինչև հիմքը խարխլելու վճռականությամբ:
Հենց նման պահերին է, որ մենք ակնկալում ենք տեսել վտանգի դիմաց համախմբված ազգ ու հանրություն, որտեղ յուրաքանչյուրի սիրտը բաբախում է միահամուռ, իսկ համախմբված ազգային ոգին ցույց է տալիս աննկունություն ու վճռականություն` պատրաստ լինելով միասին հաղթահարել վախն ու կասկածը և դիմակայել վերահաս ռիսկերին ու սպառնալիքներին։
Թող այսօրվա տոնը դառնա նոր ծննդյան, ապագայի հանդեպ հույսի ու հավատի վերածննդի մեկնարկ։ Թող այն մեզ լցնի ուժով և վստահությամբ, որ չնայած առկա մարտահրավերներին, մենք որպես ժողովուրդ կհաղթահարենք ցանկացած խոչընդոտ և հավատարիմ կմնանք մեր պատմական ժառանգությանը, մեր հողին և ազգային առաքելության իդեալներին»: