Ոստիկանապետը գնդակահարել է դատավորին
BlogosphereՄիացյալ Նահանգների Քենթուկի նահանգի Լետչերի շրջանում դատավոր Քեւին Մալինզին գնդակահարել են իր իսկ աշխատասենյակում։ Դատավորի սպանության մեջ մեղադրվում է շրջանային ոստիկանապետ Միկի Սթայնզը։ Վերջինս ձերբակալված է, հայտնում է The Mountain Eagle պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել նախօրեին։ Համաձայն քննության վարկածի, ոստիկանապետ Սթայնզը մուտք է գործել դատավորի աշխատավայրի ընդունարան, խնդրել բոլոր ներկաներից, ներառյալ դատարանի ծառայողներից, հեռանալ, ասելով, որ իրեն անհրաժեշտ է դեմ առ դեմ խոսել դատավոր Մալինզի հետ։ Գրում է Հրապարակը։
Հետո նրանք միասին մտել են աշխատասենյակ, փակել են դուռը, եւ որոշ ժամանակ անց հնչել են կրակոցներ։ Սթայնզը դուրս է եկել աշխատասենյակից ձեռքերը վեր պարզած եւ հանձնվել է ոստիկանությանը։ Սպանության մոտիվները դեռ պարզված չեն։ Associated Press-ը գրում է, որ սպանության պատճառ կարող էր լինել ոստիկանապետի եւ դատավորի միջեւ տեղի ունեցած վիճաբանությունը, որը տեղի է ունեցել դատարանի շենքում։ Ոստիկանապետին ներկայացրել են առաջին կարգի սպանություն կատարելու մեղադրանք։