Ո՞վ է հաջորդը. իշխանության յուրացման ենթադրյալ նախապատրաստման գործերով թիրախում հերոսական ուղի անցած ազատամարտիկներն են
Pastinfo.am-ը գրում է.
«Սև Հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը կալանավորվել է։ Իրավապահ մարմիններին մոտ կանգնած «Փաստինֆո»-ի աղբյուրները հայտնում են, որ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, այսպես կոչված, իշխանության յուրացման նախապատրաստման գործով։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՔԿ-ն այսօր հայտարարել է՝ իշխանության յուրացման նախապատրաստման ենթադրյալ դեպքի մասին։ Ըստ ՔԿ-ի՝ շուրջ երեք տասնյակ խուզարկությունների, հարցաքննությունների արդյունքում՝ բավարար փաստական տվյալներ են ստացվել, որ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, ինչպես նաև ԼՂ նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են ՀՀ իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ, ինչի համար նշված անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց, ՌԴ-ում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների: Քրեական վարույթի շրջանակներում երեք անձ կալանավորվել է, յոթ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ երկրում տիրող քաղաքական լարվածության կամ սպասվող զարգացումների ֆոնին իրավապահները «բացահայտում» են իշխանությունն իբրև բռնությամբ յուրացնելու նախապատրաստության «դեպք»։ Դեռևս 2020թ․ պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո ձերբակալվեցին մի շարք քաղաքական գործիչներ, ինչպես նաև՝ «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը՝ «Աշոտ Երկաթը»։ Քրեական գործը հետագայում կարճվեց՝ արդարացման հիմքով, ասել է թե՝ իրավապահներն արձանագրել են, որ հանցագործություն տեղի չի ունեցել։ Հաջորդիվ՝ նախորդ տարի, իրավապահները հայտարարեցին ինչ-որ տարօրինակ «հյուսիսային տերևաթափի» գործի մասին։ Մեկ այլ համանման քրեական գործով տևական ժամանակ կալանքի, ապա՝ տնային կալանքի տակ է գտնվել ԵԿՄ նախկին նախագահ Ալբերտ Բազեյանը, որի վերաբերյալ գործը, կրկին, կարճման եզրին է։ Այժմ էլ՝ թիրախում Սերոբ Գասպարյանն է։ Ստացվում է՝ ցանկացած անհասկանալի իրավիճակում իրավապահները որոշում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «վտանգող»՝ քիչ թե շատ՝ շոու ապահովող՝ իշխանության յուրացման նախապատրաստման ենթադրյալ դեպքերի մասին հաղորդել՝ թիրախում վերցնելով և որոշակի ժամանակահատվածով մեկուսացնելով նաև մարտական ուղի անցած մարդկանց, ինչպես՝ Աշոտ Մինասյանն էր, Բազեյանը, այսօր էլ՝ Սերոբ Գասպարյանը։ Գործերի հետագա ճակատագիրը, իհարկե, տխուր է, բայց՝ ինչպես փորձը ցույց տվեց՝ իրավապահների համար ոչ ուսուցանող։
Արձանագրենք, որ Սերոբ Գասպարյանը «Սեւ Հովազներ» ջոկատի հրամանատարությունն ստանձնել է եղբոր՝ Ռուստամ Գասպարյանի մահից հետո։ Վերջինս եւ նրա որդին զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հայրենիքը պաշտպանելիս։