Արաքսի հովտի 42 կմ-ը վերահսկելու է այն պետությունը, որի ազդեցության տակ կլինի տարածաշրջանը. Սուրենյանց
PoliticalՊատմաբան-քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Արաքսի հովտի 42 կմ-ը վերահսկելու է այն պետությունը, որի ազդեցության տակ կլինի տարածաշրջանը:
ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը վերջին օրերին դարձել է «Միջին միջանցքի»(դրա մաս է կազմում «Զանգեզուրի միջանցքը») հիմնական լոբբիստը՝ ի հեճուկս Հայաստանի իշխանության պնդումների, թե «Զանգեզուրի միջանցքի» հիմնական շահառուն Ռուսաստանն է:
Սա հետաքրքիր թեմա է, որի մասին, ի դեպ, տարբեր առիթներով արտահայտվել եմ:
Սյունիքը հայ- ադրբեջանական հակամարտության մաս դարձավ 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից հետո:
«Զանգեզուրի միջանցքի» հիմնական շահառուներն Ադրբեջանն ու Թուրքիան են. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանը իր ինքնիշխան տարածքի մի մասի նկատմամբ կորցնում է որոշակի սուվերենություն:
Նիկոլ Փաշինյանն այնքան պրիմիտիվ ու պրովինցիալ է, որ կարծում էր, թե զոհաբերելով Արցախը՝ կարող է պատերազմի հետևանքները վերացնել Սյունիքի մասով կամ հրաժարվել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարումից:
Իսկ գուցե Փաշինյանի հիմնական նպատակը եղել է ու կա «ռուսական լծից» ազատվելը:
Նա այդպես էլ չհասկացավ, որ հաղթած Ադրբեջանը չի հրաժարվելու այն ամենից, ինչ ձեռք է բերել փաստաթղթով:
Հիմա այդ իրավիճակն է. թե Մոսկվան, թե Վաշինգտոնը Ադրբեջանին առաջարկում են այդ միջանցքը՝ յուրաքանչյուրն իր պայմանով(Բաքվում, ըստ ամենայնի, ունեն նաև իրենց սցենարը):
Իսկ Փաշինյանը «ինքնիշխանական» օրակարգով հպարտանում է, թե ինչպես ռուսներին «միջանցք» չտվեց՝ լռելով այն մասին, որ Արաքսի հովտի 42 կմ-ի հանդեպ միևնույն է՝ լիարժեք հայկական վերահսկողություն չի լինելու:
Ասել եմ ու կրկնում եմ՝ Արաքսի հովտի 42 կմ-ը վերահսկելու է այն պետությունը, որի ազդեցության տակ կլինի տարածաշրջանը: Ու հիմա վերահսկողության շուրջ «ինքնիշխանական» Փաշինյանն ամերիկացիների հետ բանակցում է»: