Հայ-ղազախական փորձագիտական առաջին կլոր-սեղան քննարկմանը ստորագրվեց համագործակցության հուշագիր (լուսանկարներ)
PoliticalՍ.թ. մայիսի 3-ին Երևանում Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ` ի դեմս հիմնադիր և տնօրեն Գևորգ Մելիքյանի, մասնակցությամբ Ղազախստանի Հանրապետության Նախագահին առընթեր Ղազախստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի՝ ի դեմս տնօրեն Երկին Տուկումովի, անցկացվեց հայ-ղազախական փորձագիտական առաջին կլոր-սեղան քննարկումը «Նոր մոտեցումներ, նոր համագործակցություն» խորագրի ներքո: Քննարկմանն իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին հայկական փորձագիտական համայնքի մի շարք ներկայացուցիչներ, հայ և ղազախստանցի դիվանագետներ, համալսարանականներ, ինչպես նաև՝ ղազախական փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ Աստանայից և Ալմաթայից՝ առցանց ձևաչափով:
Միջոցառման շրջանակում երկու ինստիտուտների միջև ստորագրվեց համագործակցության Հուշագիր։
Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, ինչպես նաև՝ Ղազախստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը:
Քննարկվեցին հայ-ղազախական հարաբերություններին և դրանց զարգացման նոր ուղիներին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձ եղավ աշխարհաքաղաքական զարգացումներին, տարածաշրջանային անվտանգային խնդիրներին, երկու երկրների տնտեսական զարգացման մոդելներին, պետական կառավարման առանձնահատկություններին, տրանսպորտային և լոգիստիկ նոր հնարավորություններին և այլ հարակից հարցերին, որոնք կարևոր են երկու երկրների միջև գործընկերության և համագործակցության համար:
Մեծապես կարևորվեց նման հարթակներում հայ և ղազախական փորձագետների միջև հանդիպումների և քննարկումների շարունակականությունը՝ վերածելով դա ավանդույթի, ինչպես նաև՝ այդ հարթակները դրական և նախաձեռնողական բովանդակությամբ լցնելու անհրաժեշտությունը։