Փոփոխություններ՝ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
SocietyԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգում»:
Ըստ այդմ՝ սահմանվել է.
այս սեպտեմբերին՝ 2024-2025 ուսումնական տարում, առաջին դասարան կհաճախեն այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ.
այս սեպտեմբերին՝ 2024-2025 ուսումնական տարում, առաջին դասարան կհաճախեն նաև այն երեխաները, որոնք սահմանված ժամկետում դպրոց չեն հաճախել, և մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը լրանում է նրանց 7 և 8 տարին.
հաջորդ սեպտեմբերից՝ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, 7 և 8 տարին լրանալու դեպքում դպրոց չհաճախած երեխաները կընդունվեն տարիքային խմբին համապատասխան դասարան, այսինքն՝ համապատասխանաբար 2-րդ և 3-րդ դասարաններ` ընդհանուր հիմունքներով:
Եթե որևէ պատճառով 9-ից բարձր տարիքի երեխան առհասարակ դպրոց չի հաճախել, ապա նրա ընդգրկումը հանրակրթության մեջ կատարվում է՝ համաձայն 2010 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1640-Ն հրամանով հաստատված կարգի:
Սահմանվել է նաև, որ հանրակրթական հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի տեղափոխումը կատարվում է գործող կարգի պահանջներին համապատասխան, ամբողջ ուսումնական տարվա ընթացքում` բաց թողած ծրագրային նյութը լրացնելու պայմանով՝ հետևյալ սկզբունքով.
ա) 1-ին կուրսից` 10-րդ դասարան (առանց նախարարության գրավոր համաձայնության).
բ) 2-րդ կուրսից՝ 11-րդ դասարան (առանց նախարարության գրավոր համաձայնության).
գ) 3-րդ, 4-րդ (առկայության դեպքում՝ 5-րդ) կուրսերից` 12-րդ դասարան՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու կամ սովորողի մասնագիտական կրթության ուղղությամբ ՆՄՄԿ հաստատություն չունեցող կամ ՆՄՄԿ հաստատություն չունեցող բնակավայր տեղափոխման դեպքում:
3-րդ, 4-րդ (առկայության դեպքում՝ 5-րդ) կուրսերից տեղափոխման հնարավորությունն ընձեռվում է՝ հաշվի առնելով սովորողի պարտադիր կրթության շարունակականության ապահովման անհնարինության դեպքերը (օրինակ՝ վարքի կամ բացակայությունների պատճառով ՆՄՄԿ հաստատություններից հեռացման կամ անվճար համակարգից վճարովի համակարգ առաջադիմության հետ կապված տեղափոխությամբ պայմանավորված վճարունակ չլինելու հանգամանքը):
Այս դեպքերում տեղափոխությունն իրականացվում է հիմնավոր պատճառների վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու և դրական դիրքորոշում ստանալուց հետո: