Մեր երկիրը ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես ավերակված է, իշխանությունն է պատասխանատու դրա համար․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
PoliticalԵրեկվանից մենք խոսում ենք հաշտության մասին, այս մարդիկ որոշների դեմքերով խոսում են ատելության մասին։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Չեն դադարում, ժողովո՛ւրդ, թունավորվել են, մարդը թունավորվել է մեր երկրում․ սրա պատասխանատուն էլ են այս շենքում նստածները։ Ամենավերջին խոսքերն են ասում, ատելություն, թշնամություն ոչ միայն իմ մասին, այլ նաեւ բոլորիս, ժողովրդի մասին։ Սա չէ մեր մտածած Հայաստանը, մեր պատկերացրած Հայաստանը։ Անկեղծ շատ եմ տխրել այսօր, երբ անընդհատ առիթ ունեցա նայելու լուրերի վերնագրեր, ապշած եմ։ Գիտեմ, որ ընկած վիճակում ենք, բայց այսչափ չէի պատկերացնում։ Հենց սրա համար է մեր շարժումը, որպեսզի իսկապես լայն կերպով վերանա մեր կյանքից այս ապիկար վիճակը, եւ ամբողջական ու իրական հաշտություն լինի։ Մեր երկիրը ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես, մտքով ավերակված է․ միայն իրենք են պատասխանատու դրա համար»,- իր խոսքում նշեց Բագրատ Սրբազանը։