Եկեղեցու ժամանակավոր մուտքը քաղաքականություն ընդամենը խորհրդանշական ակտ է, որն ավետում է, որ Հայաստանում լիբերալիզմի ժամանակաշրջանն ավարտվել է. Վերլուծաբան
PoliticalՔաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գնացքից ուշացած պսեւդոլիբերալներ.
Լիբերալիզմի դարաշրջանն ավարտվում է եւ դա ունի խորքային պատճառներ, որի մասին մեկ այլ առիթով, ավելի հանգամանալից արժե խոսել։
Եվրոպայում եւ ԱՄՆ-ում մշակութաբանական հակամարտություններ են ընթանում եւ սլաքը ուղղվում է դեպի ավանդական արժեքներ, որովհետեւ լիբերալիզմին բնորոշ արժեքային տատանումներն ու փոփոխությունները բերում են անկայունության եւ կոլեկտիվ արժեքների վերացման, առանց որի կայուն ու զարգացող հասարակություններ ու պետություններ, ըստ սահմանման, չեն կարող լինել։
Հիմա օրվա խնդրին գանք։
2018-ի դավադրությունն ուշացած «հեղափոխություն» էր, որը բերեց միայն ավերածություններ, սակայն Հայաստանի պսեւդոարվեստագետների ու մտածողների խմբակները մնում են կառչած պատմության թատերաբեմը լքող լիբերալիզմին, ինչի համար զոհաբերել են հայրենիքի մի մասն, իսկ մյուս մասի գոյությունը հարցականի տակ են դրել, իսկ հիմա վախենում են կրոնապետությունից։
Հայաստանում չի կարող կրոնապետություն հաստատվել, որովհետեւ մեր եկեղեցին չունի ոչ ինտելեկտուալ, ոչ նյութական, ոչ էներգետիկ, ոչ էլ, անկեղծ լինենք, բարոյական ռեսուրսներ՝ կրոնապետություն հաստատելու համար։
Եկեղեցու ժամանակավոր մուտքը քաղաքականություն ընդամենը խորհրդանշական ակտ է, որն ավետում է, որ Հայաստանում լիբերալիզմի ժամանակաշրջանն ավարտվել է, եկել է պրոգրեսիվ պահպանողականության ժամանակաշրջանն, ինչը համահունչ է քաղաքակրթության ներկայիս փուլին։
Մնացածն արդեն եկեղեցու գործը չէ, դա արդեն քաղաքական դաշտում պետք է կայանա»։