«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
SocietyՀանրապետության հրապարակում մայիսի 12-ին կայացավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքը, որը մեկնարկեց ՀՀ օրհներգով ու Տերունական աղոթքով։
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ներկայացնելով առաջիկա ծրագրերը, հայտարարեց, որ այն օրակարգը, որ որդեգրել են, հստակ քայլերով առաջ է ընթանում:
«Հանդիպումներ եմ ունենալու քաղաքական հանրային շրջանակների հետ, անհատների հետ, հասարակական կազմակեպությունների հետ: Մենք մեր խնդիրը դրել ենք, նպատակը սահմանել ենք, որոշել ենք՝ մեզ պետք է նոր կառավարություն, ժողովրդի կառավարություն, ցավող կառավարություն, տառապող կառավարություն, հաշտության կառավարություն», - ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հայտնելով, որ վաղն առավոտյան այցելելու է ստեղծագործական միություններ, Գիտությունների ակադեմիա, պատմության ինստիտուտ և այլն:
Շարժման շրջանակում ստեղծված Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ Վահագն Մելիքյանն էլ հանրահավաքի ընթացքում հայտնեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հանձնարարությամբ պատրաստվել է մի հակիրճ փաստաթուղթ՝ կապված ՀՀ սահմաններին զարգացումների հետ և խաղաղության օրակարգի, մարտահրավերների և ձեռնարկելիք քայլերի մասին:
Մելիքյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է Հայաստանի արտաքին քաղաքական նշանակետ դարձնել աներկբայորեն կայուն և տևական խաղաղության շուրջ չընդհատվող և համապարփակ բանակցությունները՝ բոլոր առաջնահերթ հարցերի օրակարգով:
Նա ավելացրեց, որ պետք է իրականացնել արտաքին քաղաքականության սկզբունքային փոփոխություն՝ բացառելով հակառուսականությունը կամ հակաարևմտականությունը՝ զսպման ճկուն քաղաքականություն որդեգրելով: Բացառել արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերն ու դիրքավորումները աշխարհակարգի սըրընթաց փոփոխությունների և անորոշության պայմաններում:
«Պետք է հստակեցնենք ազգային շահերը, դրանք հավասարակշռենք նոր իրողությունների պայմաններում՝ չզիջելով մեր հիմնարար իրավունքները, չփոխելով մեր ինքնության աղբյուրները և չթուլացնելով մեր պետականության հիմքերը: Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների, ինչպես նաև խորացնենք մեր գործընկերությունը և համագործակցությունը ուժային այլ կենտրոնների հետ»,-ընդհանրացրեց Մելիքյանը: