6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա
SocietyԱյսօր՝ մայիսի 13-ին, աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի 7 շենքում քաղաքացին շենքի տանիքից վայր է ընկել, ում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում շենքի բնակիչներն ասում էին. «Մի քանի օր առաջ, երբ հորդառատ անձրևներ սկսվեցին, շենքի տանիքի մի հատվածից ջրերը լցվում էր տները: Դիմել ենք Երևանի քաղաքապետարան, Կենտրոնի թաղապետարան, ու իրենք խոստացան, որ մեզ կօգնեն, ու մրցույթ էին հայտարարել ու տենդերով ինչ-որ կազմակերպություն մրցույթը շահել էր: Այսօր եկել էին և աշխատանքներ էին իրականացնում տանիքի վրա, ու որոշ ժամանակ անց ցավալի դեպքը տեղի ունեցավ. աշխատակիցը բարձրությունից ընկավ ավտոմեքենայի վրա, ու շտապօգնությունը շատ շուտ իրեն տարավ հիվանդանոց, բայց հետո իմացանք, որ մահացել է»: