«Աստծո դեմ միշտ մեղավոր եմ, իսկ օրենքի առաջ՝ միշտ օրինապահ, մեռնեմ օրենքին»․ Ֆլեշի Բարսեղ
ԻրավունքԵրևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բագլարյանի գործով դատական նիստը:
«Աստծո դեմ միշտ մեղավոր եմ, իսկ օրենքի առաջ՝ միշտ օրինապահ, մեռնեմ օրենքին։ Տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը, իրավաբաններին հարցրեք։ Ինքնիրավչություն է, որ դուք ինձ ստիպում եք, որ մի բան ասեմ, իսկ ես ասում եմ՝ ոչնչից տեղյակ չեմ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ֆլեշ» ընկերության սեփականատեր, Ֆլեշի Բարսեղ անունով հայտնի Բարսեղ Բեգլարյանը՝ անդրադառնալով իր դեմ հարուցված նոր քրեական գործին։
Նշենք, որ ըստ քրգործի՝ ընկերության աշխատակիցը հաղորդում է տվել՝ նշելով, որ Բեգլարյանը զբաղվել է ինքնիրավչությամբ:
Անդրադառնալով հարցին՝ տնտեսական վիճակն իրեն բավարարո՞ւմ է, թե՞ ոչ, Բեգլարյանը պատասխանեց. «Ես ո՞վ եմ, որ բավարարի-չբավարարի»:
Նշենք, որ Բեգլարյանի դեմ նոր քրգործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 322-րդ հոդվածի՝ ինքնիրավչության հատկանիշներով։ Ըստ գործի՝ նա 2016 թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հասցնելով վնաս է պատճառել:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ն. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել էր առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։