Ալեքսանդր Քանանյանը դադարեցրել է հացադուլը
SocietyԱրցախի Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը դադարեցրել է հացադուլը: Նա հունվարի 21-ից հացադուլ էր իրականացնում՝ իր տան բակին կից փոքր ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով:
«Ուրախ եմ, որ Ալեքսանդր Քանանյանի ու կառավարության միջև բանակցությունները վերջապես հասան իրենց ավարտին, ինչի արդյունքում մասնագիտական հանձնաժողովը այսօր գումարեց իր անդրանիկ նիստը, իսկ Ալեքսն էլ քիչ առաջ հայտարարեց հացադուլը դադարեցնելու մասին: Ենթադրում եմ, որ Մհեր Պողոսյանը նույնպես կդադարեցնի հացադուլը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ից Ստեփանակերտի բնակիչ Մհեր Պողոսյանն էր հայտարարել հացադուլի մասին՝ սատարելու Ալեքսանդր Քանանյանին:
Արցախի կառավարությունն նախօրեին արձագանքել էր հացադուլ անող Ալեքսանդր Քանանյանի պահանջին՝ հայտարարելով, որ կառավարության կողմից սեղմ ժամկետում կստեղծվի մասնագիտական, անկախ հանձնաժողով, որը պետք է քննարկի փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ու շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը նվազեցնելու հարցը:
Ներկա պահին հէկաշինական բոլոր աշխատանքները դադարեցված են: ԱՀ կառավարությունից վստահեցնում են, որ աշխատանքները չեն վերսկսվի՝ մինչև մասնագիտական հանձնաժողովի համապատասխան եզրակացություն ստանալը: