Իրանը Հայաստանը համարում է տարանցիկ կարևորագույն երկրներից մեկը. Աբդոլլահիան
ԻրանԻրանը Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը։ Այս մասին հոկտեմբերի 21-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսության բացման ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Նա վստահություն է հայտնել, որ Կապանում Իրանի հյուպատոսության աշխատակիցները կվայելեն Հայաստանի եւ Իրանի կառավարությունների, տարածաշրջանի եւ քաղաքի ղեկավարության աջակցությունը, ինչպես նաեւ տեղի բնակչության բարեհաճ վերաբերմունքը։ Նա նաեւ հիշեցրել է փոխադարձության սկզբունքով Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի կառավարության պատրաստակամության մասին։
Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու որոշումը, ըստ նախարարի, ցույց է տալիս, թե որքան են Իրանի կառավարությունն ու ժողովուրդը կարեւորում երկու ժողովուրդների հազարամյա հարաբերությունները։
Իրանի քաղաքականությունը, ինչպես նշել է Աբդոլլահիանը, տարածքային ամբողջականության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգումն է։
Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները Կապանում Իրանի դեսպանատան եւ հյուպատոսության աշխատակիցների հետ համատեղ կաշխատեն երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման վրա։
«Սյունիքի մարզը Հյուսիս-Հարավ միջանցքի կարեւորագույն հատվածներից մեկն է։ Իրանը Հայաստանը համարում է կարեւորագույն տարանցիկ երկրներից մեկը։ Մենք գործադրելու ենք բոլոր ջանքերը, որպեսզի տարանցումը, բեռնափոխադրումները եւ ուղեւորափոխադրումները զարգանան հենց այս ճանապարհով»,-ընդգծել է Աբդոլլահիանը։