ԱՄՆ Դենվեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Աշխարհ
ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի քաղաքապետ Մայքլ Հենքոքը 2016 թվականի սեպտեմբերի 21-ը պաշտոնապես ճանաչել է որպես «Հայկական Անկախության օր»' հայկական երկու պետությունների' Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) համար: Այս մասին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից:
Հայ դատի ԱՄՆ Արմտյան ափի հանձնախմբի ղեկավար Էլեն Ասատրյանը ողջունել է Դենվերի քաղաքապետի որոշումը' ընդգծելով, որ Արցախի ճանաչմամբ' նա բարձրացրել է իրազեկությունը մարդու իրավունքների խնդիրների, մասնավորապես Ադրբեջանի կողմից 2016 թվականի ապրիլին հակահայկական հանցագործությունների իրականացման հետ կապված:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Հենքոքի վարչակազմին մարդու համընդհանուր իրավունքներին աջակցելու, այդ թվում և Արցախի անկախությունը ճանաչելու, ինչպես նաև շարունակական պայքարի համար, որն ուղղված է պահպանելու քրիստոնեական ժառանգությունը և պաշտպանելու ազատատենչ հայ բնակչությանը այն բանակից, որը ոչնչացնում է միջնադարյան հուշարձանները և տանջում քաղաքացիներին ու զինվորներին»,- նշել է Ասատրյանը:
Դենվերի քաղաքապետի ստորագրած հռչակագրում մասնավորապես ասվում է. «Դենվերը հազարավոր աշխատասեր ու հայրենանվեր հայերի օրրանն է, որտեղ հաստատվել են տասնամյակներ առաջ: 2016թ. հայկական երկու պետությունները' Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը) տոնում են անկախության հռչակման 25 ամյակը: Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարը' հանուն հայկական ինքնության պահպանման, սեփական սահմանները պատերազմական հանցագործություններից զերծ պահելու: Դենվերը շնորհավորում է հայկական համայնքին' սեփական ժառանգությանը հավատարիմ մնալու հանձնառության, հայրենիքին նվիրվածության, չնայած մարտահրավերներին' ժողովրդին ծառայելու մղումների համար»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ