«Հրապարակ»․ Թշնամին Արցախում դիրքեր է բարելավում, Արայիկ Հարությունյանը ասֆալտով և լուսավորությամբ է զբաղվում
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ համացանցում տեղեկություններ կան, որ ադրբեջանական զինված ուժերն իրենց դիրքերն առաջ են տվել նաեւ Արցախում, ընդ որում՝ միանգամից մի քանի ուղղությամբ են փորձել, բայց մի քանի հարյուր մետր են առաջ եկել՝ Քարվաճառի հատվածում։
Չնայած Արցախի իրավապահները, հայաստանցի գործընկերներին չզիջելով, հերքումներ են տարածում, սակայն ընդդիմության ներկայացուցիչները հաստատում են այս լուրը։ Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը մեզ ասաց, որ լուրն իրական է․ «Ես էլ եմ լսել, որ Քարվաճառի, Ջերմուկի հատվածում ադրբեջանցիները վերջին օրերին «սահմանների ճշգրտման» եւ հենակետերի տեղակայման անվան տակ դիրքային բարելավումներ են գրանցել»։ Մյուս ուղղություններում նրանց առաջխաղացումը, ըստ տեղեկությունների, կանխել են ռուս խաղաղապահները։
Մինչ ադրբեջանցիները մխրճվում են մեր տարածք, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանի օրինակով, զբաղված է սեփական դիրքերի ամրապնդմամբ։ Արցախում ասֆալտապատման բուռն աշխատանքներ են գնում, փողոցներ են լուսավորվում, օրինակ՝ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհը։ Արցախցիները կատակում են, թե պատերազմից հետո «ՀԷԿ-երի Արայիկը» դարձել է «Արայիկ լուսավորիչ»։