«Հրապարակ»․ Հիմնադրամ են ստեղծում
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 23-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատման դիմում գրած Մեսրոպ Առաքելյանը, պարզվում է, Մանե Թանդիլյանի հետ հիմնադրամ է ստեղծում։ Հիմնադրամը կոչվելու է «Ապրելու Արցախ»։ Այս մասին Առաքելյանն ինքը մեզ ասաց՝ նշելով, որ, անկախ քաղաքական իրավիճակից, անկախ ընտրություններից եւ իրենց կարգավիճակից, կարծում է, որ բոլորը պետք է իրենց ներուժի չափով շարունակեն ապրեցնել Արցախը։
«Անկախ իմ՝ նախարարի պաշտոնը լքելուց, Արցախի նկատմամբ իմ հոգածությունը չի կարող փոփոխվել, բազմաթիվ անելիքներ կան, որոնք պետք է շարունակել անել, հետեւաբար, Մանե Թանդիլյանի հետ նախաձեռնել ենք այս հիմնադրամը, որի գործունեության մասին առաջիկայում կներկայացվի»,- ասաց Առաքելյանը։
Հիշեցնենք, որ երբ նա անսպասելիորեն ազատվեց պաշտոնից, որն ընդամենը 4 ամիս էր զբաղեցրել, լուրեր տարածվեցին, որ ազատման դիմում է գրել, որպեսզի Արցախի սոցապնախարար, նույնպես պաշտոնից հրաժարական տված Մանե Թանդիլյանի հետ «Առաքելություն» կուսակցության ցուցակով մասնակցի արտահերթ ընտրություններին։
Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելու հարցին, նախկին նախարարն ասաց՝ այդ մասին մոտ օրերս կհայտարարի։ Ի դեպ, մամուլում արդեն լուրեր են տարածվել, որ Առաքելյանը փոշմանել է ու չի մասնակցելու ընտրություններին։ Հավանաբար, քաղաքական պայքարը կփոխարինվի հիմնադրամի գործունեությամբ»: