Էմի Էքթոնը՝ Օհայոյի առաջին կին նահանգապետ․ հաղթել է միլիարդատեր Ռամասվամիին
ԱՄՆ
Դեմոկրատ թեկնածու Էմի Էքթոնը հաղթել է Օհայոյի նահանգապետի ընտրություններում՝ պարտության մատնելով հանրապետական միլիարդատեր Վիվեկ Ռամասվամիին։ Այս մասին վկայում են CBS News-ի կանխատեսումները։
Էքթոնի հաղթանակը պատմական է․ նա վերջին երկու տասնամյակում առաջին դեմոկրատն է, ինչպես նաև առաջին կինը, որը հաղթել է Օհայոյի նահանգապետի ընտրություններում։ Նահանգը վերջին երեք նախագահական ընտրություններում քվեարկել էր Դոնալդ Թրամփի օգտին, իսկ 2024 թվականին նրա առավելությունը կազմել էր 11 տոկոսային կետ։
Նախընտրական պայքարի առանցքային թեմաներն էին տնտեսությունը և կյանքի թանկացումը։ Մրցապայքարի վերջին շաբաթներին մեծ արձագանք ստացավ Ռամասվամիի քարոզարշավի հրապարակած գովազդը, որում ներկայացվում էին Էքթոնի և մոր՝ Դոննա Արթուրի անձնական հարաբերությունները։ Գովազդում Արթուրը պնդում էր, թե դուստրը «ամբողջ կյանքում ստել է»։ Սակայն դրանում չէր հիշատակվում, որ Արթոնի մանկության տարիներին նրա խորթ հայրը մեղադրվել էր աղջկան բռնաբարելու համար։
Գովազդը քննադատել էին ինչպես հանրապետական նախկին նահանգապետ Նիկի Հեյլին, այնպես էլ Օհայոյի գործող նահանգապետ Մայք Դևայնը՝ այն անվանելով խիստ մտահոգիչ։ Մինչդեռ Դոնալդ Թրամփը գովազդը բնութագրել էր որպես «ազդեցիկ» և կոչ արել Ռամասվամիին շարունակել դրա ցուցադրությունը։ Վերջինս հայտարարել էր, որ գովազդի հեռարձակման համար ծախսելու է 4 միլիոն դոլար։
Ռամասվամին պարտությունն ընդունելու ելույթում հայտարարել է, որ աջակցելու է Օհայոյին և Էքթոնին։ Նա 2024 թվականին պայքարել էր Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու դառնալու համար, իսկ ավելի ուշ առաջադրվել էր նահանգապետի պաշտոնում՝ հանդես գալով որպես քաղաքական համակարգից դուրս թեկնածու և պաշտպանելով Թրամփի «Ամերիկան՝ առաջինը» օրակարգը։
Էքթոնը բժիշկ է և հանրային առողջապահության ոլորտի պաշտոնյա։ Քարոզարշավի ընթացքում նա խոսել է մանկության տարիներին անօթևանության հետ ունեցած իր փորձի մասին՝ շեշտադրելով բնակչության կյանքի մատչելիության խնդիրները։ Հաղթանակի ելույթում նա հայտարարել է, որ «բուժումը սկսվում է այսօր»՝ խոստանալով աշխատել բոլորի հետ՝ անկախ նրանից, թե ում օգտին են քվեարկել։
Էքթոնը կփոխարինի հանրապետական Մայք Դևայնին, որն այլևս չի կարող առաջադրվել՝ պաշտոնավարման ժամկետների սահմանափակման պատճառով։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար