Կալիֆոռնիայում միլիարդատերերի ունեցվածքը հարկելու առաջարկը բախվել է քննադատության
ԱՄՆ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում միլիարդատերերի համար միանվագ 5 տոկոս հարկ սահմանելու նախաձեռնությունը կարող է մերժվել ընտրողների կողմից։ «Առաջարկ 40» (Proposition 40) անվանումը կրող օրինագծին աջակցել է Ամերիկայի դեմոկրատական սոցիալիստների կազմակերպությունը, սակայն նահանգապետ Գևին Նյուսոմը հանդես է եկել դրա դեմ։ Այս մասին գրում է Fox News-ը։
Նախաձեռնությունը նախատեսում էր հարկել նահանգի շուրջ 250 միլիարդատերերի ակտիվները, որոնց ընդհանուր կարողությունը գնահատվում է 2 տրիլիոն դոլար։ Հարկը տարածվելու էր բիզնեսների, արժեթղթերի, արվեստի գործերի, հավաքածուների և մտավոր սեփականության վրա՝ բացառությամբ որոշ կենսաթոշակային միջոցների, անշարժ գույքի և կենսաթոշակային հաշիվների։
Առաջարկի հեղինակների նպատակն էր ստացված միջոցներով փոխհատուցել դաշնային ֆինանսավորման հնարավոր 100 միլիարդ դոլարի պակասը Medi-Cal առողջապահական ծրագրում, որը նախատեսված է ցածր եկամուտ ունեցող անձանց, տարեցների և հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ Նախաձեռնության համաձայն՝ հարկից ստացված եկամուտների 90 տոկոսը պետք է ուղղվեր առողջապահությանը, իսկ մնացած 10 տոկոսը՝ կրթությանը, սննդային աջակցությանը և հարկի վարչարարությանը։
Դեմոկրատ սոցիալիստների կազմակերպությունը պնդում էր, որ հարկը վերաբերում է միայն նահանգի ամենահարուստ բնակիչներին և չի հանգեցնի նրանց կարողության էական նվազմանը։
Սակայն Նյուսոմը դեմ է արտահայտվել նախաձեռնությանը՝ նշելով, որ այն կարող է Կալիֆոռնիան դարձնել պակաս մրցունակ մյուս նահանգների համեմատ։ Նրա խոսքով՝ առաջարկին դեմ են նաև հրշեջները, ուսուցիչները, Planned Parenthood կազմակերպությունը և արհմիությունների մեծ մասը։
Նյուսոմը նախաձեռնությունը որակել է վատ մշակված՝ ընդգծելով, որ այն նախատեսում է միանվագ եկամուտ և անդրադառնում է նահանգի բյուջեի միայն մեկ հատվածին։ Նա նաև նշել է, որ որոշ մարդիկ արդեն լքել են նահանգը։
Փոխարենը նահանգապետը կոչ է արել ընտրողներին աջակցել «Առաջարկ 42»-ին, որը նախատեսում է արգելել անձնական գույքի նկատմամբ նոր պետական հարկերի սահմանումը և սահմանափակել որոշ հետադարձ ուժ ունեցող հարկերը։ Fox News-ի հրապարակման համաձայն՝ այդ նախաձեռնությունը, հակառակը, կարող է ընդունվել։
Միաժամանակ Նյուսոմը նշել է, որ ազգային մակարդակով նման հարկի սահմանման հարցը կարող է այլ քննարկում լինել՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ում անհրաժեշտ է եկամտային հարկի նոր աստիճան։
Տնտեսագետ Ռիչարդ Սթերնը, սակայն, քննադատել է միլիարդատերերի կարողության հարկման գաղափարը՝ պնդելով, որ նրանց ունեցվածքի մեծ մասը կանխիկ միջոցներ չեն, այլ բիզնեսներ, գործարաններ, պահեստներ, մեքենաներ և այլ ակտիվներ։ Նրա գնահատմամբ՝ նման հարկը կարող է ազդել նաև այդ ընկերությունների գործունեության վրա։
Fox News-ի հրապարակման համաձայն՝ չորեքշաբթի՝ նոյեմբերի 4-ի դրությամբ, Կալիֆոռնիայի պետքարտուղարի ընտրությունների արդյունքները ցույց էին տալիս, որ «Առաջարկ 40»-ը պարտության ճանապարհին է։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է