Թրամփը փորձում է ապագա նախագահներին զրկել Օվալաձև աշխատասենյակի կառուցվածքը փոխելու հնարավորությունից
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակն ազգային հուշարձան է հռչակվում։ Նրա խոսքով՝ այս քայլը պետք է կանխի ապագա նախագահների կողմից սենյակի որոշակի կառուցվածքային փոփոխությունները. գրում է BBC-ն։
«Մենք այն հռչակում ենք ազգային հուշարձան, և ոչ ոքի թույլ չի տրվի ձեռք տալ դրան, քանդել կամ վերացնել այն՝ հիմար որոշումներով մի փոքր այլ ձևի տարածք կառուցելու համար»,- հինգշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թրամփը։
Սակայն հրամանագիրը չի արգելում ապագա նախագահներին փոխել աշխատասենյակի ներքին հարդարանքը։ Փաստաթղթում նշվում է, որ այն չի սահմանափակում նախագահի՝ կահավորանք ընտրելու, դեկորը փոխելու, ինչպես նաև սովորական շահագործման և անվտանգության անհրաժեշտ փոփոխություններ կատարելու իրավասությունը, եթե դրանք էական վնաս չեն հասցնում կառույցի պատմական և ճարտարապետական առանձնահատկություններին։
ԱՄՆ նախագահներն այժմ իրավասու են որոշակի փոփոխություններ կատարել Սպիտակ տանը, սակայն խոշոր նախագծերի իրականացման համար անհրաժեշտ է Կոնգրեսի թույլտվությունը։
Հրամանագիրը ստորագրվել է Սպիտակ տան Արևելյան թևի ամբողջական քանդումից ամիսներ անց։ Թրամփի նախաձեռնած այդ նախագիծը քննադատության և իրավական վիճարկումների է արժանացել։ Կոնգրեսի հավանությունը չստացած շինարարությունը, այնուամենայնիվ, շարունակվել է․ նախատեսվում է այդ տարածքում նոր պարահանդեսային դահլիճ կառուցել։
Թրամփը հայտարարել է, որ Օվալաձև աշխատասենյակը, ինչպես և Սպիտակ տունը, երկրի խորհրդանիշներից է։ Նրա խոսքով՝ վերջին ամիսներին այնտեղ այցելած տարբեր երկրների առաջնորդները դրական են արտահայտվել իր կատարած դեկորատիվ փոփոխությունների մասին։
ԱՄՆ նախագահը պնդել է նաև, որ մինչ իր միջամտությունը աշխատասենյակը վատ վիճակում էր՝ կոտրված պատուհաններով, ճաքած պատերով և վնասված քարե տարրերով։ Այնուամենայնիվ, նկատելի փոփոխությունների մեծ մասը կոսմետիկ բնույթ է կրել․ մասնավորապես, աշխատասենյակի մուտքի մոտ տեղադրվել է մեծ ոսկեգույն ցուցանակ, բարեկարգվել է Վարդերի այգին, ինչպես նաև կառուցվել է նոր ուղղաթիռային հարթակ։
Հրամանագրով նախատեսվում է, որ Օվալաձև աշխատասենյակի պահպանության հարցով պետք է զբաղվի Ազգային պարկերի ծառայությունը՝ ապահովելով դրա պատմական բնույթի և ճարտարապետական ամբողջականության պահպանումը։
Միևնույն ժամանակ, պարզ չէ՝ արդյոք ապագա նախագահը կարող է չեղարկել այս որոշումը, կամ այն կարող է վիճարկվել դատարանում։ Գործադիր հրամանագրերը սովորաբար կարող են չեղարկվել հաջորդ վարչակազմի կողմից։ Բացի այդ, 2017 թվականին Թրամփն ինքը կրճատել էր Յուտա նահանգի ազգային հուշարձաններից երկուսի տարածքները։ Սակայն ազգային հուշարձանի կարգավիճակը չեղարկելու իրավական հարցը մինչ այժմ դատարանում չի քննվել։
Սպիտակ տան տարածքն արդեն իսկ ունի ազգային պատմական հուշարձանի կարգավիճակ, որը կոչված է կանխելու կառույցի հանկարծակի փոփոխությունները։ Օվալաձև աշխատասենյակի ներկայիս տեսքը ձևավորվել է 1930-ականների սկզբին՝ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի օրոք։
Պատմական ժառանգության պահպանությամբ մասնագիտացած Cultural Heritage Partners իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Գրեգ Վերխայզերը BBC-ին ասել է, որ նախագահի հայեցողությամբ են մնում ժամանակավոր փոփոխությունները, օրինակ՝ կահույքի և դեկորի ընտրությունը։ Նրա խոսքով՝ եթե դրանք չեն վնասում մշտական արվեստի գործերն ու ճարտարապետական տարրերը, նախագահները կարող են ազատորեն փոխել աշխատասենյակի տեսքը։
Վերխայզերը Թրամփի հրամանագիրը որակել է որպես կեղծավորություն՝ նշելով, որ նրա վարչակազմը միաժամանակ անտեսել է Վաշինգտոնի այլ պատմական վայրերի պահպանության հարցերը և փորձել թուլացնել այդ տարածքները պաշտպանող օրենսդրությունը։
Նա, մասնավորապես, հիշատակել է Թրամփի՝ Վաշինգտոնում հաղթակամար կառուցելու ծրագիրը, որի իրականացումը դաշնային դատավորի որոշմամբ ժամանակավորապես կասեցվել է։ Վերխայզերի գնահատմամբ՝ մի կողմից Թրամփը խոսում է Օվալաձև աշխատասենյակի պահպանության կարևորության մասին, մյուս կողմից՝ քայլեր է ձեռնարկում պատմական վայրերի պաշտպանության իրավական մեխանիզմները թուլացնելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է