Դադարեցնում ենք անհնազանդության բոլոր ակցիաները. Փաշինյանի կոչը (տեսանյութ)
ՏեսանյութերՔիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի միջոցով հանդես եկավ կոչ-խնդրանքով՝ ժամը 15:00-ից դադարեցնել անհնազանդության ակցիաները և բացել ճանապարհները:
«Կոչ եմ անում բացել ճանապարհները, դադարեցնել քաղաքացիական անհազանդության գործողությունները: Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջ կա, այդ հարցը կքննարկենք, Գլխավոր դատախազի հրաժարականի հարց կա, դա էլ կքննարկենք: Պետք է արձանագրենք՝ պետք է անցնենք համագործակցության»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ «Իմ քայլը» ակցիայի առանցքային նպատակը եղել է ՀՀ քաղաքացու հաղթանակը և արձանագրեց, որ ՀՀ քաղաքացին արդեն հաղթել է. «Քաղաքացու հաղթանակի արդյունքն այն է, որ ինքը որոշել է, թե ով պետք է ղեկավարի երկիրը։ Փողոցները փակելու մեր ակցիաները անում էինք, որովհետև համոզված էինք, որ ՀՀ-ում չկա իշխանություն։ Եվ հիմա, երբ Հայաստանում հաստատված է իշխանություն, որը վայելում է ժողովրդի վստահությունը, հետևաբար, ճիշտ մոտեցում չէ անհնազանդությունը, փողոցներ փակելը»,- նշեց վարչապետը:
Նա հույս հայտնեց, որ ժամը 15:00-ին բոլորը կարձագանքեն իր կոչին, եթե, իհարկե, սաբոտաժի տրամաբանությամբ չեն առաջնորդվում: