«Պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է միայն դրա առաջին փուլը»․ Ալիև (տեսանյութ)
ՀայաստանԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր՝ հունիսի 26-ին հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ոչնչացնել Հայաստանի բոլոր ռազմական և մարտավարական օբյեկտները։
«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հողն է։ Ադրբեջանցիները հարյուրավոր տարիներ ապրել և ստեղծել են այս տարածքի վրա։ Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում։ Ադրբեջանը չի համակերպվի իր գրավյալ տարածքների հետ և կվերականգնի տարածքային ամբողջականությունը»,– ընդգծել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ «գրավյալ տարածքների ազատագրման համար» Բաքվին ուժեղ բանակ և ուժեղ տնտեսություն է անհրաժեշտ։ «2013 թվականից ի վեր մենք մեծացրել ենք մեր պաշտպանական ծախսերը 15 անգամ»,– ասել է նա։
«Հայաստանը չի կարողանում և չի կարողանա մեզ հետ մրցակցել։ Պատմական արդարությունը մեր կողմն է, մենք ունենք ռազմական և տնտեսական հզորություն, և Ադրբեջանի ու Հայաստանի միջև անդունդը միայն ավելի է մեծանալու»,– նշել է Ալիևը։
«Պատերազմը դեռ չի ավարտվել։ Ավարտվել է միայն դրա առաջին փուլը»,– եզրափակել է Ալիևը։