Ինչ մակնիշի ծառայողական մեքենաներ են կցվել փոխվարչապետներին ու վարչապետի խորհրդականներին
ՔաղաքականՀեղափոխությունից հետո կառավարության ներկայացուցիչները հանդես եկան ծառայողական մեքենաները կրճատելու մասին հայատարարություններով՝ ընդգծելով, որ դրանց գերկուտակումը բյուջետային միջոցների վատնում է։ Մասնավորապես, ավտոմեքենաների կրճատման մասին հունիսի 1-ին խոսել է նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը` ասելով, որ աշխատակազմի 110 ավտոմեքենայի 30% կրճատումների արդյունքում բյուջեն ևս 39 600 000 դրամի խնայողություն կունենա։ Նկատենք, որ ծառայողական մեքենաների կրճատման առումով, կառավարությունը շոշափելի արդյունքի չի հասել, ավելին՝ այնտեղից մեզ փոխանցեցին, որ գործընթացը դեռ քննարկման փուլում է։
Բացի այդ, կառավարությունից փորձեցինք պարզել նաև, թե ինչ ծառայողական մեքենաներ են տրամադրվել նոր ձևավորված կառավարության փոխվարչապետներին, արդյոք վարչապետի խորհրդականներին ծառայողական մեքենաներ կցվա՞ծ են, թե՝ ոչ։ Հեղափոխությունից հետո քանի՞ ծառայողական մեքենա է կրճատվել:
ԼՈւՐԵՐ․com-ի հարցմանն ի պատասխան՝ այստեղից տեղեկացրին, որ փոխվարչապետներից՝ Տիգրան Ավինյանին տրամադրվել է Mercedes-Benz S 350 մակնիշի ծառայողական մեքենա (2009թ․), իսկ Մհեր Գրիգորյանին՝ BMW 750 Li.xDrive մակնիշի ծառայողական մեքենա (2010թ․)։
Կառավարությունից հերքեցին տեղեկությունները, թե Տիգրան Ավինյանը ցանկություն է հայտնել, որ իրեն տրամադրվի BMW 731 մակնիշի մեքենա։
DJ—ից վարչապետի աշխատակազմի ղեկավար դարձած Էդուարդ Աղաջանյանին ևս տրամադրվել է Mercedes-Benz S 350 մակնիշի ծառայողական մեքենա։ Վարչապետի գլխավոր խորհրդականներ Արամ Ղարիբյանին տրամադրվել է TOYOTA COROLLA, իսկ Արսեն Գասպարյանին՝ KIA CERATO մակնիշի տրանսպորտային միջոցը։ Վարչապետի խորհրդականներ Ջեմմա Հակոբյանին տրամադրվել է TOYOTA COROLLA, Եղիշե Կիրակոսյանին՝ TOYOTA CAMRY, իսկ Արշակ Կարապետյանին՝ BMW 523 I մակնիշի տրանսպորտային միջոցը։
Կառավարույթունից հայտնեցին, որ վարչապետի՝ հասարակական հիմունքներով խարհրդականները ծառայողական մեքենաներ չունեն։
Սոնա Հարությունյան