Բոլորը նույն մարդուց են օղի գնել. ինչ է պատմում Արմավիրի քաղաքապետը
ՀասարակությունԱնհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչք վաճառած Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանը նախկինում նմանատիպ որևէ գործողություն չի իրականացրել, համենայնդեպս, տեղյակ չենք եղել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Արմավիր քաղաքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը:
«Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ սպառողները միջոցառման մասնակիցներ չեն եղել, պարզապես իրենք բոլորով նույն մարդուց են օղի գնել»,- ասաց քաղաքապետը:
Խուդաթյանը նշում է՝ դեպքերը արձանագրվել են գիշերվանից, «Շտապօգնության մեքենայով մարդիկ տեղափոխվել են Արմավիրի ԲԿ նաև Երևանի բժշկական կենտրոններ: Ամենայն հավանականությամբ, մահացած 7 անձինք Արմավիր քաղաքի բնակիչներ են»,- նշեց Խուդաթյանը:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում՝ քաղաքացիների կողմից ձեռք բերված ևս 30 լիտր ալկոհոլային խմիչքը հայտնաբերելու, ինչպես նաև՝ բոլոր գնորդների ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 8:00-ին, ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիր բժշկական կենտրոն են տեղափոխվել քաղաքացիներ, որոնց մոտ կասկածվում է սննդային թունավորում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ ձեռք են բերել անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչք, որի գործածման հետևանքով թունավորվել են: 7 անձ մահացել է, ևս 3 անձ գտնվում է ծանր վիճակում:
Արփինե Հակոբյան