Թե hետ չգամ ես մի օր, դու չտխրես, չարտասվես. տեսանյութում երգող զինվորը ևս անմահացավ
ՀասարակությունԵրեկվանից համացանցում լայն տարածում ստացավ մի տեսանյութ, որում մի զինվոր էր երգում: Երգը նա նախօրոք պատրաստել էր մայրիկի համար և խնդրել էր ընկերներին, որ եթե իրեն մի բան պատահի, իր «վերջին խոսքը» հասցնեն մայրիկին: Տեսանյութի այդ հերոսը Տիգրան Հարությունյանն էր, որի անունը ևս հայտնվեց իրենց կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրածների ցուցակում. «Երեկ իր անմահանալու 7-րդ օրն էր: Իր հետ ծառայող տղաներից մեկից երեկ մի նամակ ստացանք: Տիգրանի վերջին խոսքը հասավ մայրիկին»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Տիգրան Հարությունյանի քույրը՝ Աննա Հարությունյանը:
Վերջինիս խոսքերով Տիգրանը 9 ամսից պետք է վերադառնար տուն, ծառայում էր Խնձորեսկում: Նա սովորում էր Գյումրու Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, 4-րդ կուրս փոխադրվելուն պես զորակոչվեց բանակ։ Տիգրանը ծառայության ընթացքում աչքի էր ընկնում իր ձայնով, ծառայության ընթացքում բազմաթիվ միջոցառումների էր մասնակցել. «Ազատ ժամանակ շատ էր սիրում երգել, բանաստեղծություններ գրել: Այնքան սիրուն ու խորն էր գրում: Մի փոքրիկ վիպակ ուներ գրած, որը նախքան բանակ զորակոչվելն էր գրել, որոշել էր տպագրել այն, բայց այդպես էլ չհասցրեց: Մենք Տիգրանին խոստացել ենք, որ իր ոչ մի երազանք ու նպատակ անկատար չենք թողնելու»,- ընդգծեց Աննան:
Ինչպես նշում է զինվորի քույրը, Տիգրանը հոգատար էր, խելացի և չափազանց հայրենասեր: Նա երբեք չի բողոքել իր ծառայությունից. «Վերջի անգամ մենք իր հետ զրուցել ենք հոկտեմբերի 13-ին, ու այդ օրը մեզ ասաց՝ առյուծ տղերք ենք, չվախենա‘ք: Այդ զրույցից հետո 2 օր տեղեկություն չունեինք Տիգրանից: Հետո մեզ ասացին, որ Տիգրանը վիրավորվել է, բայց ինքն արդեն անմահացել էր, պարզապես, մեզ էին խնայել: Ամսի 16-ին մենք արդեն իմացանք, որ Տիգրանը բեկորային վնասվածք էր ստացել ու զոհվել» ,- պարզաբանեց նա: