Հայաստանում չկա իշխանություն, որ լրագրող է ծեծում կամ բռնություն գործադրում. Ալեն Սիմոնյան
ՏեսանյութերՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի արձագանքը լրագրող Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ սխալ է համարում, սակայն հորդորում է զուգահեռներ չանցկացնել նախկին իշխանության ներկայացուցիչների վարվելակերպի հետ: Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի խոսքին:
Ուրիխանյանը հիշեցրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի և լրագրողի միջև միջադեպի մասին: «Եվ դրանից հետո նախարարը սեփական թիմից որևէ մի դատապարտող դիրքորոշման չարժանանա՞, բացարձակապես յուրահատուկ իրավիճակ է»,-նշեց նա ու հորդորեց լրագրողներին զգույշ լինել:
Ալեն Սիմոնյանը հիշեցրեց. «Շատ բարձր մակարդակով քննադատվել է, ես նույնպես այդ մասին խոսել եմ և հիմա էլ եմ ասում, որ բռնությունը՝ մասնավորապես լրագրողների նկատմամբ, անընդունելի է: Իսկ այն փորձը, որն արվում է՝ ներկայացնելու, զուգահեռներ անցկացնելու նախկին իշխանության ներկայացուցիչների վարվելակերպի հետ, անհաջողության է մատնվելու: Այո, իմ գործընկերոջ արձագանքը շատ սխալ էր, բայց միևնույն ժամանակ այդ փորձերը չեն ստացվելու»:
Նա հորդորեց նախընտրական դիվիդենտ շահելու համար իր գործընկերներին չփորձել պախարակել և դրա համար չփորձել օգտագործել լրագրողական համայնքը:
«ՀՀ-ում չկա ու չի կարող լինել իշխանություն, որը լրագրող է ծեծում կամ բռնություն է գործադրում կամ դա գովաբանում է»,-նշեց ԱԺ փոխնախագահն ու հորդորեց չշահարկել: