10 փաստարկ, թե ինչու է Հայաստանին անհրաժեշտ նոր բովանդակությամբ ու գաղափարներով քաղաքական ուժի ձևավորումը
ՎերլուծականՀայաստանում նոր որակի և բովանդակության քաղաքական ուժի ձևավորման անհրաժեշտությունը կասկած չի առաջացնում ժողովրդի և փորձագետների մոտ: Հասարակության ու քաղաքական ուժերի միջև առկա հսկայական վակուումի պայմաններում նոր դերակատարների ի հայտ գալն օրակարգային պահանջ է դարձել: Բերենք 10 փաստարկ-ապացույցներ, թե ինչու է Հայաստանին անհրաժեշտ նոր՝ երրորդ ուժի ձևավորումը: Եվ այսպես․
1) Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմում պարտություն կրած, ստորացուցիչ կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրած և Արցախի հայաթափմանը հանգեցրած իշխանությունները ոչ միայն չեն ցանկանում, այլ նաև չեն էլ կարող պաշտպանել Արցախի և արցախահայության շահերը՝ Ադրբեջանի հետ տարվող բանակցություններում: Այս առումով անչափ կարևոր է, որպեսզի փոխվի հայկական կողմի բանակցողը: Նոր քաղաքական ուժը գալով իշխանության՝ հնարավորություն կունենա վերցնել դադար, ձևակերպել նոր փաստարկներ և դրանց հիման վրա առաջ մղել Հայաստանի և Արցախի շահերը բանակցային գործընթացում:
2) Աշխարհաքաղաքական վայրիվերումների մեջ գտնվող Հայաստանին օդի և ջրի պես են անհրաժեշտ այնպիսի ուժեր, որոնք, գալով իշխանության, կկարողանան բալանսավորված արտաքին քաղաքականություն վարել ի շահ հայ ժողովրդի՝ վերականգնելով հարաբերությունները Հայաստանի բնական դաշնակիցների հետ, զերծ մնալով գեոպոլիտիկ արկածախնդրություններից, որոնք լրջագույն ռիսկեր են ստեղծում ՀՀ անվտանգային համակարգի համար:
3) Հայաստանն այսօր միջազգային հանրության համար վերածվել է ճնշումների սուբյեկտի: Նոր քաղաքական ուժի կամ ուժերի օրակարգ գալը և նրանց կողմից իշխանության ձևավորումը թույլ կտա միջազգային հարաբերությունների դաշտում կրկին հանդես գալ այդ հարաբերությունների օբյեկտի, և ոչ թե սուբյեկտի դիրքերից և առաջ մղել ՀՀ պետական շահերը:
4) Երրորդ ուժն ինքնըստինքյան դուրս է լինելու նախկին-ներկա, սև-սպիտակ արհեստական դիսկուրսից, իսկ հանրության մեծամասնության համար այդ դիսկուրսը միանշանակ խորթ է:
5) Ակնհայտ է, որ թե իշխանությունները և թե գործող ընդդիմությունը չեն բավարարում հանրության մեծամասնության պահանջները և այդ բացը կարող են լրացնել միայն նոր քաղաքական ուժերը՝ նոր գաղափարներ, ինովացիոն ծրագրեր և պոզիտիվ տեսլական առաջարկելով:
6) Կոռուպցիայի դեմ համակարգային պայքարը, որը հեղափոխությունից հետո հռչակվել էր գլխավոր ուղենիշներից մեկը, մեղմ ասած, տապալվել է: Նախկին և գործող իշխանությունների հետ որևէ կապ չունեցող քաղաքական ուժերի երևան գալը և նրանց կողմից իշխանության ձևավորումը կարող է լրջորեն խթանել կոռուպցիայի դեմ պայքարը, քանի որ այդ ուժը կամ ուժերն առավել անկաշկանդ են լինելու իրենց գործողություններում:
7) Հանրության մեծամասնության կողմից նկատելի է նաև այն կադրային ճգնաժամը, որն այսօր առկա է Հայաստանի պետական կառավարման համակարգում: Պրոֆեսիոնալ կադրերի պակասը լուրջ գլխացավանք էր թե՛ նախկին, թե՛ գործող իշխանությունների համար և այս խնդիրը կարող է լուծվել միայն քաղաքական դաշտում նոր դեմքերի, նոր քաղաքական էլիտայի ձևավորման պարագայում: Երկրի առջև ծառացած մարտահրավերները կարող են լուծվել միայն իրենց երկիրը սիրող պրոֆեսիոնալները:
8) Գործող իշխանությունները լեգիտիմության ճգնաժամ են ապրում և այդ մասին են վկայում միջազգային հեղինակավոր հետազոտական ընկերությունների վերջին սոցհարցումները: Այսպես՝ ՀՀ անվտանգային և ներքաղաքական խնդիրների վերաբերյալ «GALLUP»-ի կատարած հարցումների համաձայն՝ կառավարության գործունեությանը 57,7 %-ը հավանություն չի տալիս, միայն 29,1%-ն է հավանություն տվել։ ԱԺ-ի գործունեությանը հավանություն է տվել 22,2%-ը, 64%-ը՝ հակառակը, հավանություն չի տվել։
9) Երրորդ ուժի ձևավորման անհրաժեշտության մասին է խոսում նաև հասարակության մեծամասնության պասիվությունը՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու մասով: Երևանի ավագանու վերջին ընտրություններին մասնակցությունը կազմել է 234 553 քաղաքացի կամ 28,46% տոկոս: Համեմատության համար նշենք՝ 2017թ.՝ 345.226 քաղաքացի կամ 40.99%, 2018թ.՝ 370,323 քաղաքացի կամ 43.65%: Հասարակության շրջանում արձանագրվող տենդենցներն ու տրամադրություններն ակնհայտ են` հանրության մեծամասնությունը նոր քաղաքական առաջարկներ է ակնկալում:
10) Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանության համար անչափ կարևոր է համայն հայության շահերի մեկտեղումը, ինչը գրեթե անհնար է դարձել՝ ՀՀ իշխանությունների կողմից Սփյուռքի նկատմամբ վարվող քաղաքականության պարագայում: Սփյուռքն իր հերթին կորցրել է վստահությունը գործող իշխանությունների հանդեպ և դա արտահայտվել է նաև վերջին թելեթոնի արդյունքներում: 2023 Նոյեմբերի 23-ին «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 26-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում հավաքագրվեց ընդամենը 8,4 միլիոն ԱՄՆ դոլար, ինչն աննախադեպ ցածր արդյունք է վերջին տաս տարիների ընթացքում: Հենց այս համատեքստում էլ անչափ կարևոր է, որպեսզի ձևավորվեն նոր ուժեր, երևան գան Սփյուռքի կողմից ընդունելի և վստահություն վայելող գործիչներ, ովքեր կվերականգնեն Սփյուռքի վստահությունը ՀՀ նկատմամբ, նոր մակարդակի կբարձրացնեն Հայաստան-Սփյուռք հարաբերությունները և կկարողանան ճիշտ ու նպատակային օգտագործել համայն հայության ներուժը:
Նշված փաստարկները վկայում են, որ Հայաստանին պետք են նոր բովանդակային հենքով քաղաքական միավորներ, որոնք օրակարգ կբերեն նոր ծրագրեր, նոր դեմքեր, նոր լուծումներ և կապահովեն հանրային իրական համախմբում՝ Հայաստանի առջև ծառացած խնդիրների թնջուկը լուծելու նպատակով: