«Հայաստանի կանաչների կուսակցություն»-ը կմասնակցի ընտրություններին. «Փաստ»
Armenian Press«Փաստ» օրաթերթը գրում է.
Կանաչների կուսակցությունը, որը նախագահ Արմենակ Դովլաթյանի ձևակերպմամբ, ձախ լիբերալ ուղղվածություն ունի, այս փուլում չեն կարող մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին, քանի որ ավագանիում ներկայացուցիչ չունեն: Իսկ ներկայացուցիչ չունեն, քանի որ ավագանու նախորդ ընտրությունները կուսակցությունը բոյկոտել է: Հիմա, եթե ավագանին լուծարվի, Կանաչների կուսակցությունն այս ընտրությունը ոչ միայն չի բոյկոտի, այլև անպայման կմասնակցի: «Ե՛վ Երևանի ավագանու ընտրություններին, և՛ Ազգային ժողովի ընտրություններին մենք անպայման մասնակցելու ենք: Մենք ձգտելու ենք միայնակ հանդես գալ, բայց հնարավոր են նաև այնպիսի տարբերակներ, որ այլ կուսակցությունների հետ համատեղ դաշինքով հանդես գանք: Բայց մեր նախնական տրամադրվածությունը ընտրություններին միայնակ հանդես գալն է»,– ասաց Ա. Դովլաթյանը:
«Մեզ համար միայն բնապահպանական խնդիրները չէ, որ կարևոր են, բայց մենք պարտավոր ենք բնապահպանական խնդիրների պահանջատերը լինել և դրանց լուծումը մեր վրա վերցնել»,– ասաց կուսակցության ղեկավարը:
Նախորդ՝ 2012–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցությունը թեև ներկայացուցիչ չի ունեցել խորհրդարանում, բայց ներկայացված է եղել ՀԱԿ դաշինքի կազմում: Այսինքն, կուսակցությունը նախորդ խորհրդարանում ներկայացված կուսակցություն է եղել, բայց նախորդ ընտրությունների ժամանակ արդեն նպատակահարմար չեն համարել խորհրդարանական ՀԱԿ խմբակցության անունով ձևավորված նույնանուն կուսակցության հետ դաշինք կազմել: «ՀԱԿ կուսակցությունն ինքը որոշեց, ինքը մասնակցեց և արդյունքում այսօր որևէ ներկայացուցիչ չունի խորհրդարանում: Իսկ մենք որոշեցինք չմիանալ որևէ այլ դաշինքների և բոյկոտել ընտրությունները»,– ասաց Ա. Դովլաթյանը: Խոսելով ներկայում ընթացող գործընթացների մասին՝ նա նշեց, որ իրենց կուսակցությունը չի մասնակցում «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների գործընթացներին, քանի որ, ըստ նրա, այդ պրոցեսը մոնոպոլիզացված է:
«Մենք քննարկումների ընթացքին ուշադիր հետևում ենք և անհրաժեշտության դեպքում նաև առաջարկներ կանենք: Հիմա աշխատում ենք առաջիկա ընտրությունների նախընտրական ծրագրի վրա: Եթե Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ տեղի ունենան, ապա ծրագիր կներկայացնենք նաև այդ ընտրությունների համար, քանի որ Երևանը բազմաթիվ բնապահպանական, քաղաքաշինական խնդիրներ ունի և այդ առումներով ծայրահեղ վատ վիճակում է գտնվում: Ուստի համարում ենք, որ այս առումով կարող ենք մեր դրական խոսքն ասել այդ հարցի մասին»,– ասաց Ա. Դովլաթյանը: Կուսակցության առաջնորդը համաձայն չէ, որ հասարակությունն առանձնապես ծանոթ չէ իրենց կուսակցությանը, և ընտրություններին մասնակցելու դեպքում գուցե իրենք սահմանված անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունենան: Ավելին, կարծում է, որ ընտրություններին առանձին մասնակցելու դեպքում բավականին լայն շրջանակներ հենց իրենց կընտրեն: «Մենք, նվազագույնը, կհաղթահարենք անցողիկ շեմը և միանշանակ ներկայացված կլինենք: Խոսքն առավելագույն ձայներ ստանալու մասին է»,– ասաց կուսակցության առաջնորդը: Թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված նոր կառավարության և նրա աշխատանքի մասին Ա. Դովլաթյանը նշեց, որ հիմնականում գոհ է կառավարությունից, բայց կան խնդիրներ, որոնց մասին կարծիք կհայտնի կառավարության գործունեության 100 օրը լրանալուց հետո: «Կան նաև որոշակի սխալներ, հատկապես կադրային քաղաքականության մեջ, բայց արդյունքների մասին մենք կխոսենք որոշ ժամանակ անց»,– խոսքը եզրափակեց Ա. Դովլաթյանը: