Այն, ինչ չէր կարելի Հայկ Սարգսյանին, թույլատրվում է Մխիթար Հայրապետյանին ու Արման Բաբաջանյանին
SocietyԱզգային ժողովի պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանը և Արման Բաբաջանյանը շրջանառության մեջ են դրել նախագծերի փաթեթ, ըստ որի, 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։ Պայմանագրային զինծառայողների երկու տարվա աշխատավարձը (հավելավճարը ներառյալ) կազմում է մոտ 5-5,5 միլիոն դրամ:
Բացի այդ, վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ հետ կստանան, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կունենան։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ միանշանակ կողմ է առաջարկվող նախագծին․ «Եթե մարդը չի ուզում ծառայել բանակում ու իր համար պատիվ չի ծառայելը, թող վերադառնա ու իր ֆինանսներով բանակը շենացնի։ Դրսում գտնվող 27 տարին լրացած ՀՀ քաղաքացին կա՛մ այլևս պիտի չվերադառնա, կա՛մ պիտի վերադառնա և ենթարկվի քրեական պատասխանատվության։ Մենք մեր առաջ ունենք խնդիր՝ լուծելու այն քաղաքացիների հարցը, որոնք այս պահի դրությամբ գտնվում են դրսում։ Եթե այդ մարդիկ ինչ-ինչ պատճառներով չեն ուզել բանակում ծառայել և հեռացել են Հայաստանից, հիմա էլ ուզում են վերադառնալ՝ իրենց տրվում է այլընտրանք՝ դատապարտվելուց բացի»։
Մոտավորապես մեկ տարի առաջ նման նախագիծ էր առաջարկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Իշխանական պատգամավորն առաջարկում էր 10 մլն դրամ պետական բյուջե վճարելու դեպքում բանակում ծառայել ընդամենը 1 ամիս՝ հղում անելով դեռ 2005-ից գործող կարգավորմանը, համաձայն որի 27 տարին լրացած և ծառայությունից խուսափելու հոդվածով հետապնդվող քաղաքացիները կարող են խուսափել պատասխանատվությունից՝ վճարելով ամեն բացակա զորակոչի համար 200 հազար դրամ: 18 զորակոչի դեպքում՝ 3 մլն 600 հազար դրամ: Ըստ պատգամավորի՝ իր առաջարկած «Արագացված զինվորական ծառայության մասին» օրինագիծը ենթադրում էր արտագաղթի դեմ պայքարի միջոց և նախագծի շնորհիվ ՀՀ են վերադառնալու այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են գալ, բայց չեն գալիս մինչև 27 տարեկանը՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար: Թեև կային հստակ հիմնավորումներ, այնուամենայնիվ, նախագիծն արժանացավ կոշտ քննադատությունների և այդպես էլ չընդունվեց։ Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին նշել էր, որ Հայկ Սարգսյանի շրջանառության մեջ դրած օրինագիծը պետք է դեռ երկար ճանապարհ անցնի։
Վահագն Թևոսյանի համոզմամբ՝ Հայկ Սարգսյանի առաջարկած նախագիծը էականորեն տարբերվում էր շրջանառության մեջ դրված նախագծերի այս նոր փաթեթից․ «Նախագծի հեղինակները այն քննարկել են Պաշտպանության նախարարության, համապատասխան պաշտոնյաների, մասնագետների հետ և եկել են եզրակացության, որ այս տարբերկը, գուցե, ավելի ճիշտ է»։
Պատգամավորը հստակ ընդգծում է՝ բանակում ծառայելը պատիվ պետք է լինի, իսկ նրանք, ովքեր «թռել են» ծառայելուց, բաշիբոզուկ կամ վախկոտ են․ էլ բանակի ինչի՞ն են պետք:
Արփինե Հակոբյան