Մետրոպոլիտենի նախկին տնօրենն ու ընտանիքի անդամները կանչվել են ՀՀ դատախազություն
SocietyՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ներկայանալու ծանուցագրեր են ուղարկվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանին, նրան փոխկապակցված անձանց՝ կնոջը՝ Սվետլանա Մովսիսյանին, երկու որդիներին՝ Արտակ և Վահագն Յայլոյաններին, և ևս մեկ անձի՝ Մարիաննա Հովհաննիսյանին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասացին ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Դատարանը բավարարել է նրանց գույքերի վրա, որպես հայցի նախնական ապահովման միջոց, կալանք դնելու ՀՀ դատախազության միջնորդությունները, նրանց մասով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունն ավարտվել է եւ հրավիրվել են Դատախազության համապատասխան վարչություն՝ իրենց վերաբերող վարույթի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար»,- նշեցին դատախազությունից:
Հիշեցնենք, որ Փայլակ Յայլոյանը երկար տարիներ զբաղեցրել է Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնը՝ 2001-2003 թթ. եւ 2007-ից մինչև 2019 թ. մայիսի 20-ը։
2019 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ էր սկսել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում: Նախաքննական մարմինը պարզել էր, որ 2014-ին Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Փայլակ Յայոլյանը որդուն՝ Արտակ Յայլոյանին, Բաղրամյան պողոտայում գտնվող նշված տարածքն օտարել է կադաստրային արժեքից ցածր գնով՝ 75,393,360 դրամ։ Փ. Յայլոյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում և իր կամ ուրիշ անձանց օգտին լիազորությունների չարաշահում, որը կազմակերպության կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս է պատճառել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:
Մետրոպոլիտենում շուրջ 28 տարի աշխատած, ապա սեփական դիմումի հիման վրա աշխատանքից ազատված Փ. Յայլոյանին է պատկանում Երևանի Այգեձոր փողոցի 78/1 շենքում գտնվող 2 բնակարան և Ձորաղբյուրում գտնվող հողամաս։ Վերջինս երկու որդիների հետ հանդիսանում է նաև Իսակովի պողոտայում գտնվող 50/1 շենքում գտնվող բնակարանի սեփականատեր։ Արտակ Յայլոյանը հանդիսանում է Մետրոպոլիտենի վարչական շենքի մի մասի անհատույց օգտագործող, իսկ մյուս մասի՝ բաժնային սեփականատեր։
Բացի դրանից, Արտակ Յայլոյանը բնակարան ունի Երևանի Մարգարյան փողոցի 6-րդ շենքում, երկու հողամաս Նոր Նորքի Քոչինյան փողոցում։ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սևակի թաղամասում գտնվող բնակելի տան ընդհանուր բաժնային սեփականատերը ևս Ա. Յայլոյանն է: Փայլակ Յայլոյանի կրտսեր որդին՝ Վահագն Յայլոյանը, որը Երևանի մետրոպոլիտենում զբաղեցրել է «Երթևեկություն» մասնաճյուղի կոմերցիոն բաժնի գովազդի գծով տնտեսագետի պաշտոնը, Երևան քաղաքի Բյուզանդի 17 նորակառույց էլիտար շենքում ունի 3 բնակարան, ինչպես նաև Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սևակի թաղամասում գտնվող բնակելի տան ընդհանուր բաժնային սեփականատերն է:
Նշենք նաև, որ Փ. Յայլոյանը Երևանի մետրոպոլիտենի վարչական շենքի մի մասը որդուն վաճառելուց զատ՝ որպես վարձակալ վերջինիս է տրամադրել վարչական շենքի մեկ այլ հատված ևս։ Այսպես, 2016 թ. մայիսի 30-ին Երևանի մետրոպոլիտենի և Արտակ Յայլոյանի միջև կնքվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով վերջինիս է տրամադրվել Բաղրամյան 76 հասցեում (Մետրոպոլիտենի վարչական շենքում) գտնվող 74 քմ տարածք՝ 148 հազար դրամ ամսական վարձավճարով: Երեք շաբաթ անց կողմերի միջև կնքվել է նոր պայմանագիր, որով ավելացվել է Արտակ Յայլոյանին հատկացվող տարածքը՝ դառնալով 78,9 քմ՝ 157 800 դրամ վարձավճարով։ Այսինքն՝ յուրաքանչյուր 1 քմ-ի համար Փայլակ Յայլոյանի որդին Մետրոպոլիտենին պարտավորվել է վճարել 2000 դրամ: