Ես մտավորական չեմ. Արմեն Խանդիկյանը խուսափեց պատասխանել Սրբազանի պայքարին միանալու հարցին (տեսանյութ)
ԼՈՒՐԵՐ․com-ը Ղափլանյանի անվան Երևանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանից հետաքրքրվեց` աջակցո՞ւմ է Տավուշում ոտքի ելած ժողովրդի պայքարին, և առհասարակ, ի՞նչ կարծիք ունի Եկեղեցու ստանձնած նոր պատասխանատվության և երկրում տեղի ունեցողի մասին։
Արմեն Խանդիկյանը նախընտրեց տեսախցիկի առաջ հրաժարվել մտավորականի կոչումից, միայն թե համարձակորեն կարծիք չհայտնի «Տավուշյան շարժման» մասին։
Ընդգծենք, որ պարոն Խանդիկյանը այն մտավորականներից է, որոնք ամեն կերպ հարմարվողական մոտեցումներով չեն կորցնում իրենց տեղն ու դիրքը բոլոր իշխանությունների օրոք։
Ամեն դեպքում, գոնե մի բառ հաջողվեց պոկել պարոն Խանդիկյանի բերանից` «վատ է. շատ վատ»։
Սա, ենթադրաբար, Հայաստանից պոկվող նոր հողակտորի համար ցավի մասին էր, այսինքն, գնահատական` գործող իշխանության մոտեցումներին։
Բայց 60-անց հայ մտավորականը այդպես էլ համարձակություն չունեցավ հասկանալի ձևակերպել իր մոտեցումները` երկրում այսօր տեղի ունեցողի մասին, և ասել` կմիանա՞ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը ու կկանգնի՞ Եկեղեցու կողքին, թե ոչ։