Արագածոտնում տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսը հիվանդանոցում մահացել են․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է ներկայացրել
ПолитическиеԱպարան-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսը զոհվել են, երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Տարածված հաղորդագրության համաձայն՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Մ. Դ.-ն (ծնված 1964 թ․), Ա. Ղ.-ն (ծնված 1989 թ․) և Ս. Ղ.-ն (ծնված 1966 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ Ս. Ղ.-ն մահացել է, իսկ Մ․ Դ.-ի և Ա․ Ղ.-ի առողջական վիճակները բժիշկները գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ» ակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդ Ս. Ղ.-ին (ծնված 1974 թ․) դուրս բերել ավտոմեքենայից, պատգարակել և մոտեցրել շտապօգնությանը, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ Ս. Ղ.-ն (ծնված 1974 թ․) մահացել է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 24-ին, ժամը 08։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Կ. Ա., ծնված 1984 թ․) և «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ղ., ծնված 1974 թ․), ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է սրահում։