Քարկոփ գյուղը գրեթե դատարկ է․ բնակիչները աղետի հետևանքով զրկվել են ջրից, գազից ու լույսից․ News.am
ПолитическиеNEWS.am-ը գրում է․ Լոռու մարզի Քարկոփ գյուղը գրեթե դատարկ է, մնացել է մի քանի տղամարդ՝ գյուղը տիղմից հանելու աշխատանքները կատարելոււ համար։ NEWS.am-ին գյուղի բնակիչ Թագուհի Անդրեասյանը պատմում է՝ աղետի հետեւանքով զրկվել են ջրից, գազից ու լույսից։
Գյուղի բնակչությունը տարհանվել է հարակից գյուղեր, որոշները տուն են վարձել, որոշները հարազատների տներում են։
«Ամիսներ կտեւեն մինչեւ գյուղը կվերականգնվի: Ինչքա՞ն կարող էին բարեկամների տանը մնալ, եթե երկրորդ օրն է, ու տեխնիկական ոչ մի օգնություն չկա, պարզ է, որ հետագայում էլ չի լինի»,- ասում է բնկակչուհին ու հավելում՝ գյուղում նաեւ վառելիքի խնդիր կա, աղետից անվնաս մնացած գույքը հարակից գյուղ տեղափոխել չեն կարողանում:
«Գյուղը գլխավոր մայրուղուն կապող կամուրջն ամբողջությամբ փլուզված է: Մյուս ճանապարհը Ախթալայով էր, բայց այդ կամուրջն էլ է փլուզված: Հիմա Մադան գյուղով այլընտրանքային ճանապարհ են սարքում, բայց այդ ճանապարհով երթեւեկելը դեռեւս դժվար է»,- ասում է Թագուհին։
Բնակչուհին պատմում է, որ պետական կառույցներն առայժմ քայլեր չեն ձեռնարկել գյուղի փողոցները տիղմից մաքրելու համար․ «Քարկոփի վարչական ղեկավարը դիմել է խճի գործարանի ղեկավարությանը՝ խնդրել տեխնիկա տրամադրել, որպեսզի բնակիչները գոնե իրենց ուժերով կարողանան մաքրել տներն ու բակերը: Գյուղում միայն մեկ մթերային խանութ ունեինք, այն էլ ամբողջությամբ լցած է ջրով, ոչինչ հնարավոր չեղավ հանել: Երեկ համայնքապետարանը սնունդ է բաժանել բնակչությանը, բայց կան ընտանիքներ, որոնց հագուստ էլ է անհրաժեշտ: Շենքերի առաջին հարկերում ընդհանրապես ապրել հանրավոր չէ, նկուղային հարկերում ջուր է լցված»։