Լուկաշենկոն սպառնում է վերանայել Բելառուսի մասնակցությունը Եվրասիական միությանը
Աշխարհ
Մինսկն ազգային շահերը պաշտպանելու համար «կօպտիմալացնի» իր մասնակցությունը Ռուսաստանի հետ կապված ինտեգրացիոն ծրագրերին, սպառնացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մենք այժմ շատ ուշադիր վերլուծում ենք մեր մասնակցությունը, ամենից առաջ, Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): (ԵԱՏՄ-ում) խախտվում է ամեն ինչ, ինչի շուրջը համաձայնության ենք եկել»,- ասել է Լուկաշենկոն՝ ընդունելով Միութենական պետության պետքարտուղար Գրիգորի Ռապոտային:
«Մենք պետք է հստակ որոշենք. կա՛մ մենք ընթանում ենք դեպի պետությունների խորացված ինտեգրացում, կա՛մ ոչ: Եվ ամենակարեւորը. մենք կատարելու՞ ենք կնքված պայմանագրերը եւ պարտավորությունները, թե ոչ: Մեզ համար այ սա է գլխավոր հարցը»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է ԲԵԼՏԱ գործակալությունը:
Բելստատը հաղորդում է, որ հունվար–օգոստոսին երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) անցյալ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 3 տոկոսով նվազել է:
Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովն այս անկումը բացատրել է ամենից առաջ Բելառուսի նավթավերամշակող գործարաններին ռուսական նավթի մատակարարումների կրճատմամբ:
Հուլիսին Ռուսաստանը որոշում է ընդունել կրճատել նավթի մատակարարումները Բելառուսին՝ ռուսական գազի դիմաց Մինսկի կողմից վիճարկվող պարտքի եւ Ռուսաստանի շուկային նավթամթերքների մատակարարումների պարտավորությունների չկատարման պատճառով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ