Բաշար Ասադը ԱՄՆ-ին մեղադրել է սիրիական զորքերի միտումնավոր գնդակոծման մեջ
Աշխարհ
Դեյր Զոր քաղաքի շրջանում սեպտեմբերի 17-ին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերի ավիահարվածները միտումնավոր էին: Այդ մասին «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Ասադի խոսքով՝ սիրիացի զինծառայողների դիրքերին ավիահարվածները տեւել են մոտ մեկ ժամ:
«Դուք սխալ չեք կատարում ավելի քան մեկ ժամվա ընթացքում»,-ասել է Ասադը եւ ենթադրել, որ ԻՊ-ի զինյալները գիտեին նախապատրաստվող գրոհի մասին, քանի որ գործնականում դրանից անմիջապես հետո գրավեցին ԱՄՆ-ի կողմից գնդակոծված դիրքերը:
Սիրիայի կառավարական բանակի ուժերի գնդակոծումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին: Ռուսաստանը հայտարարել է, որ գրոհի հետեւանքով սպանվել են տասնյակ զինվորականներ, եւ պահանջել է գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ:
ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարությունը պնդում է, որ կոալիցիան պլանավորում էր հարվածներ հասցնել ԻՊ-ի զինյալներին: Հարվածներն անհապաղ դադարեցվել են միայն այն բանից հետո, երբ ռուս զինվորականները հայտնել են, որ դրանց թիրախ են դարձել սիրիացի զինվորականները, հայտարարել են Պենտագոնում:
Միջադեպն սպառնալիքի տակ է դրել հրադադարը, որը Սիրիայում ուժի մեջ է մտել սեպտեմբերի 12-ի երեկոյան:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ