Իրանի քաղաքացին վաճառել է իրեն վստահված 304 գլուխ ոչխարները, գումարը հափշտակել, այրել 40 հատ ծառ. գործն ուղարկվել է դատարան
Право
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) 52-ամյա քաղաքացու կողմից ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն և յուրացում կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Բացի այդ, ԻԻՀ 52-ամյա քաղաքացին, խաբեության եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 40-ամյա համաերկրացուն հայտնելով իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ՝ Էջմիածին քաղաքում իրեն պատկանող հողատարածքը մշակելու, 55.000 ԱՄՆ դոլարով վարձակալության իրավունքով տամադրելու վերաբերյալ, 2019թ. փետրվար ամսին վերջինիցս առձեռն ստացել է նշված գումարը, որը հափշտակել և ծախսել է իր կարիքների համար:
ԻԻՀ 52-ամյա քաղաքացին, նույն քաղաքում փոխադարձ համաձայնության գալով 54-ամյա մեկ այլ ԻԻՀ քաղաքացու հետ, հետագայում եկամուտը հավասար բաշխելու պայմանով, պարտավորվել է պահել Էջմիածին քաղաքի «խոզաբուծական» կոչվող տարածքում գտնվող վերջինիս պատկանող 304 գլուխ ոչխարները: Օգտագործելով 54-ամյա տղամարդու Հայաստանից բացակայելու առիթը, ԻԻՀ 52-ամյա քաղաքացին իրեն վստահված ոչխարները վաճառել է և դրա դիմաց ստացել 22.000 ԱՄՆ դոլար, որի մի մասը վերջինիս պահանջով վերադարձրել է, իսկ մնացածը պարտավորվել հետագայում վերադարձնել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ԻԻՀ 52-ամյա քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
