«Հրապարակ». Դարձել է ՍԴ-ի «հաճախորդը»
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում նախագահ Արմեն Սարգսյանը հաճախ է դիմում Սահմանադրական դատարան՝ ԱԺ-ի ընդունած օրենքների սահմանադրականության հարցով։ Վերջին դիմումը «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքին եւ հարակից 22 օրենքներին է վերաբերում։ Մինչ այդ 4 դիմում էլ կար ՍԴ-ում։
ՍԴ մամուլի պատասխանատու Եվա Թովմասյանը մեզ տեղեկատվություն տրամադրեց․ նախագահը վիճարկում է «ՀՀ դատական օրենսգիրք» եւ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքներում փոփոխությունների մի քանի հոդվածները, դիմումի քննությունը կկայանա մայիսի 25-ին։ Հաջորդը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն է, որը վիճարկելու անհրաժեշտությունն առաջացավ ԶՈՒ նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման ընթացքում․ քննությունը տեղի կունենա հունիսի 1-ին։
Նախնական ուսումնասիրման փուլում են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ դրա հետ փոխկապակցված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները»: