Երբ եկավ Ռոբերտ Քոչարյանը, սրվեց իրավիճակը և շոու-բիզնեսում գլոբալ փոփոխություններ տեղի ունեցան. Արփինե Բեկջանյան
ԱյլԺամանակին հայտնի երգչուհի Արփինե Բեկջանյանն, ով այժմ ապրում է ԱՄՆ-ում, երկարատև դադարից հետո հարցազրույց է տվել և անկեղծացել 90-ականներին «կուլիսներում» տեղի ունեցող իրադարձություններին, բեմից իրեն հեռացնելուն, ինչպես նաև՝ ԱՄՆ-ում հանդիպած դժվարություններին և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին:
Երգչուհին բլոգեր Մհեր Բաղդասարյանի հեղինակային «Tete A Tete» հաղորդաշարի շրջանակներում նշել է, որ իր կյանքի ամենալուսավոր, վառ և հետաքրքիր շրջանը եղել է 90-ականներինը:
Խոսելով իրեն բեմից զրկելու և շոու-բիզնեսից հեռացնելու մասին՝ երգչուհին նշել է, որ իրեն պարզաբանել էին, թե դա իր կատարած աշխատանքի բովանդակության պատճառով է, բայց իր կարծիքով դա եղել է բիզնես նպատակներով:
«Այս հարցը շատ քաղաքականացրեցին: Մեզ ասում էին՝ լևոնական երգիչ-երգչուհիներ, որովհետև այն ժամանակ մեր նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, և նրանք համարում էին, որ մենք լևոնական ենք: Երբ եկավ Ռոբերտ Քոչարյանը, իշխանափոխությունից հետո սրվեց իրավիճակը և շոու-բիզնեսում գլոբալ փոփոխություններ տեղի ունեցան...: Հարցը նրանում է, թե ով է կանգնած քո թիկունքում»,- եթերի ժամանակ ասել է Բեկջանյանը: